Ուրբաթ, 1 Հունիսի 2012 16:54
Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը ֆինանսավորել է ՙՕրրան՚ մանկական բարեգործական ընկերության տրանսպորտային ծախսերը
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը ֆինանսավորել է ՙՕրրան՚ մանկական բարեգործական ընկերության երեխաների տրանսպորտային ծախսերը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՙԱռէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ այցելեց ՙՕրրան՚ բարեգործական ընկերություն:
ՙԵրբ ամբողջ աշխարհը, այդ թվում Հայաստանը, նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՙԱռէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ այցելեց ՙՕրրան՚ բարեգործական ընկերություն` սաների տոնը միասին նշելու և նվերներ հանձնելու նպատակով՚,-ասվում է Բանկից ԱրմԻնֆո գործակալությանն ուղղված հաղորդագրության մեջ:
ՙԱյս տոնական օրը երեխաներին մաղթում եմ ամենայն բարիք, անամպ երկինք և խաղաղություն: Բանկում իրագործվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք մշտապես կարևորելու ենք երեխաների նկատմամբ մեր հոգատարությունըՙ, - նշեց Բանկի լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Այսօրվա դրությամբ ՙՕրրան՚-ի սաների թիվը կազմում է անապահով ընտանիքների 96 երեխա, որոնց համար ՙԵրկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի համար՚ ծրագրի շրջանակներում Բանկն իրագործում է հատուկ նվիրատվություն` ապահովելով սաների ամսեկան սնունդը:
Ինչպես հայտնեց կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը`դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաները դասերի ավարտից հետո հաճախում են ՙՕրրան՚, որտեղ նրանք ստանում են տաք սնունդ և անհրաժեշտ հագուստ, կատարում են իրենց տնային առաջադրանքները: Բացի այդ, կազմակերպության մասնագետները սովորեցնում են նրանց տարբեր արվեստներ` խեցեգործություն, փայտամշակում, քանդակագործություն, մաքրամե, իսկ ամենաշնորհալի սաներն իրենց ուսումը շարունակում են բուհերում, ընդ որում կազմակերպությունն իր վրա է վերցնում ուսման հետ կապված բոլոր ծախսերը:
Արմինե Հովհաննիսյանի խոսքերով` ֆինանսավորումը ապահովվում է հովանավորների միջոցներով: ՙՄենք առաջին անգամ ենք համագործակցում բանկի հետ և հուսով եմ, որ այն լավ օրինակ կծառայի նաև գործածար ոլորտի այլ ներկայացուցիչների համար՚, - նշեց նա: