Երեքշաբթի, 12 Հունիսի 2012 16:54
Անելիք Բանկը գրանցել է ֆիզ անձանցից ներգրավված ավանդների աննախադեպ աճ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն 2012 թվականի մարտ-մայիս ամիսներին ներգրավել է մոտ 3,2 մլրդ դրամի նոր ավանդ գրեթե 1000 ավանդատուներից: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Նշվաշ ժամանակահատվածում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդային պորտֆելն աճել է 2,5 մլրդ ՀՀ դրամով` շուրջ 13 %-ով: ՙԱմփոփելով ՙՓոխարկային՚ ավանդատեսակի գովազդային արշավի արդյունքները, կարող ենք արձանագրել ավանդային պորտֆելի բավական մեծ աճ, և դա այն դեպքում, երբ սույն թվականի մարտ ամսին Բանկն իջեցրեց ավանդների տոկոսադրույքները` ԱՄՆ դոլարով ավանդատեսակների համար: Նման աճը պայմանավորված է ոչ միայն նոր ՙՓոխարկային՚, ՙԿայուն՚ ավանդատեսակներով, այլ նաև Բանկի մնացած բոլոր ավանդատեսակներով: Վերջին 1 տարվա ընթացում ֆիզ անձանցից ներգրավված Բանկի ավանդային պորտֆելն աճել է 6,4 մլրդ ՀՀ դրամով` 42,5 %-ով՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վերլուծությունների և ռիսկերի գնահատման վարչության պետի տեղակալ Ստեփան Արզումանյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բաներ Ռենկինգի, Անելիք Բանկի ժամկետային ավանդնրի ծավալը 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 21.7 մլրդ.դրամ կամ 55.7 մլն.դոլար, գրանցելով ֆիզիկական անձանց ավանդների տարեկան 53.3% և իրավաբանական անձանց ավանդների տարեկան կրկնակի աճ: Վերջիններիս բաժինը ժամկետային ավանդների պորտֆելում գերազանցում է 90%-ը, իսկ բացարձակ մեծությամբ գտնվում է առաջատար բանկերի տասնյակում: Բանկի պարտավորությունների կազմում ժամկետային ավանդների տեսակարար կշիռը տարեկան կտրվածքով աճել է 30.1%, մինչև 38.7%: Եռամյա կտրվածքով բանկի ժամկետային ավանդների պորտֆելն աճել է մոտ 3 անգամ, հիմնականում ֆիզիկական անձանց ավանդների աճի հաշվին: