Երկուշաբթի, 25 Հունիսի 2012 14:08
Առևտրի և զարգացման սևծովյան բանկը վերաձևակերպել է ՙՆաթֆուդ՚ ՓԲԸ-ին տրամադրված վարկը և պարտավորվել է մինչև 1.4 մլն դոլար հավելյալ աշխատանքային կապիտալի հնարավորություն տրամադրել
ԱրմԻնֆո: Առևտրի և զարգացման սևծովյան բանկը վերաձևակերպել է 2008 թվականի ապրիլին ՙՆաթֆուդ՚ ՓԲԸ-ին տրամադրված 7 մլն դոլարի վարկը: Նախօրեին ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովի և ՙՆաթֆուդ՚ ընկերության գլխավոր բաժնետեր, գլխավոր տնօրեն Հենրիխ Զախարյանցի ստորագրած պայմանագրի շրջանակում բանկը պարտավորվել է ընկերությանը տրամադրել մինչև 1.4 մլն դոլար հավելյալ աշխատանքային կապիտալի հնարավորություն:
ՙԱԶՍԾԲ շարունակում է աջակցել այն բիզնես կազմակերպություններին, որոնք էական դեր են ունենում երկրի կայուն աճի գործընթացում: Չնայած ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին և հետաձգումներին, որոնք հնարավորություն չեն տվել, որպեսզի վարկառուն վարկային պարտքերը ժամանակին վճարի, բանկը համոզված է, որ վարկի վերաձևակերպումը և հավելյան ֆոնդերի տրամադրումը վարկառուին ճիշտ ուղու վրա կդնեն և հաջողությամբ կպսակեն նախագիծը: Պատվարժան բանկերը` ՎԶԵԲ-ն ու ՎեՏեԲե-Հայաստան բանկը, հույժ կարևորության բանկեր են, և երեք բանկերի, ինչպես նաև վարկառուի հետ համատեղ ուժերով աշխատանքն, անկասկած, դրական արդյունք կտա՚, - ասել է ԱԶՍԾԲ նախագահ Անդրեյ Կոնդակովը:
Հ.Զախարյանցն իր հերթին նշել է, որ ԱԶՍԾԲ վարկի վերաձևակերպումն ընկերությանը կօգնի հաղթահարել դժվար ժամանակահատվածը և կանգնել բիզնեսի կազմակերպման ՙճիշտ ուղու՚ վրա:
ՙՆաթֆուդը՚ մսամթերքի վերամշակման ընկերություն է, որը մասամբ պատկանում է ՎԶԵԲ-ին և հայ գործարար Հենրիխ Զախարյանցին:
ԱԶՍԾԲ ստեղծվել է սևծովյան տարածաշրջանի երկրների համագործակցութանն ու տարածաշրջանային զարգացմանն աջակցության նպատակով: Բանկի առաքելությունը տարածաշրջանում առևտրային կապերի զարգացումն է, աջակցությունը միջազգային նախագծերի իրացմանը, օտարերկրյա ներդրումներին, պետական մակարդակի և մասնավոր բիզնեսում առևտային և տնտեսական կապերի զարգացման ընթացքում երաշխիքների տրամադրումը: ԱԶՍԾԲ հիմնադրված է ԱԶՏՀ հիմնադիր պետությունների կողմից1994 թվականի հունիսի 30-ին Թբիլիսիում կնքված համաձայնագրի շրջանակում: ԱԶՍԾԲ կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 3.3 SDR: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Սալոնիկում (Հունաստան): Ըստ Standart & Poor վարկանշային աղյուսակի ԱԶՍԾԲ նշվում է A (երկարաժամկետ), և ըստ Moody's վարկանշային աղյուսակի` A3 գնահատականով: