Երեքշաբթի, 3 Հուլիսի 2012 19:24
ՙՌուսալ Արմենալը՚ 2011 թվականին 37 տոկոսով կրճատել է զուտ շահույթը
ԱրմԻնֆո. ՙՌուսալ Արմենալ՚ ՓԲԸ 2011 թվականին զուտ շահույթը կրճատել է 37 տոկոսով, մինչև 2,374 մլրդ դրամ` 2010 թվականի 3,763 մլրդ դրամի դիմաց: Այդ մասին ասվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվությունում:
Հաշվետվության տվյալներով, ընկերության հասույթը 2010 թվականին ավելացել է 29,406 մլրդ դրամով` մինչև 32,550 մլրդ դրամ 2011 թվականին: Վաճառքի ինքնարժեքն անցյալ տարի ավելացել է 26,932 մլրդ դրամով` մինչև 31,076 մլրդ դրամ: Ֆինանսական ծախսերն ավելացել են 1,3 մլրդ դրամից մինչև 1,8 մլրդ դրամ: Համախառն շահույթը կրճատվել է 2010 թվականի 2,473 մլրդ դրամից մինչև 1,473 մլրդ դրամ 2011 թվականին: Ընկերության բաժնետիրական կապիտալը մեկ տարում փոխվել է և 2011 թվականի վերջին կազմել 3 140 700 000 դրամ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ՙՌուսալ Արմենալ՚ ՓԲԸ ալյումինի փայլաթիթեղի արտադրությունը 2010 թվականի համեմատ ավելացել է 2,7%-ով` մինչև 25,289 հազար տոննա:
Ընկերության արտադրանքի սպառման հիմնական շուկան ԱՄՆ-ն էԼ: Փայլաթիթեղն արտահանվում է նաև Եվրոպա և Մերձավոր արևելքի երկրներ:
ՙԱրմենալն՚ ստեղծվել է 2000 թվականի մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողն է Կովկասում և Կենտրոնական Ասիայում: