Երեքշաբթի, 10 Հուլիսի 2012 15:36

Թանկարժեք մետաղների գները մեկ շաբաթում աճել են 2.2 տոկոսով


ԱրմԻնֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում արծաթը և պլատինը թանկացել են 3.3%, իսկ պալադիումը և ոսկին` 1.1%, հանրապետությունում արձանագրելով թանկարժեք մետաղների գների 2.2% միջին աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի հուլիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21594.48 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 2.1%, արծաթի գինը` 374.28 դրամ, աճելով 3.3%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 19735.63 դրամ, 3.4% շաբաթական աճով, պալադիումի գինը` 7912.67 դրամ` աճով 0.1%:

Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինը Հայաստանում աճել է 8.9%, արծաթի գինը` 3.8%, իսկ պլատինի գինը` 12.3%, իսկ պալադիումի գինը` 1.5%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 6.6%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արծաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Երկրորդ եռամսյակում թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 1.5%, ընդ որում` արծաթը` 5.4%, պլատինը` 3.7%, պալադիումը` 1.8%, իսկ ոսկին թանկացել է 4.7%: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 8.3%, հիմնականում պլատինի 12.2% և ոսկու 8.8% թանկացման հաշվին: Կիսամյակում թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետևանքով, իսկ գների ամենամեծ անկումը գրանցվել է մարտին` 5.1%, հիմնականում ոսկու և արծաթի 6-7% էժանացման հետևանքով:

Ոսկու գների աճը 2011 թվականին կազմել է մոտ 10%: Արդյունքում, այդ մետաղի գնի աճի 11-ամյա ժամանակահատվածը հանդիսանում է ամենաերկարաժամկետը, գոնե 1920 թվականից ի վեր: Ի տարբերություն անկայուն արժույթների կամ բաժնետոմսերի, ներդրողների համար ոսկին շարունակում է մնալ ավելի հուսալի այլընտրանք, որի գների աջակցման հիմնական գործոններն են հանդիսանում Եվրոպայում առկա պարտքային ճգնաժամը, ինչպես նաև ինֆլյացիայի արագացումը տարբեր երկրներում: