Հինգշաբթի, 12 Հուլիսի 2012 21:01
ՙՅունիբանկը՚ փոքր բիզնեսին առաջարկում է նոր` առանց գրավի վարկ ՙԱրագ՚
ԱրմԻնֆո. Փոքր բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար մշակել է նոր վարկատեսակ` ՙԱրագ՚: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տվյալ վարկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ բանկը գրավ չի պահանջում, հաճախորդն ընդամենը պետք է ունենա դրական վարկային պատմություն և ներկայացնի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երկու երաշխավորություն: Վարկային միջոցները տրամադրվում են մինչև 18 ամիս մարման ժամկետով և սկսած 20% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է 3-7 հազար ԱՄՆ դոլար:
“Արագ” վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Ընդ որում, Յունիբանկը թույլ է տալիս վարկի վաղաժամկետ մարում, առանց սահմանափակումների կամ տույժերի գանձման: Վարկը ստանալու համար կարելի է դիմել Յունիբանկի 41 մասնաճյուղերից ցանկացածին: Վարկային հայտի ուսումնասիրման առավելագույն ժամկետը կազմում է երեք աշխատանքային օր` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո:
ՙՎարկավորման նոր շահավետ պայմանները փոքր ձեռնարկատիրության համար ստեղծում են ավելի լայն հնարավորութուններ: Վարկային միջոցների հասանելությունը փոքր բիզնեսի ամենահրատապ հարցերից մեկն է, այդ իսկ պատճառով բանկը զգալիորեն բարելավել է միկրովարկերի տրամադրման պայմանները և պարզեցրել վարկավորման գործընթացը: Այսօր բիզնես վարկավորման մեր ծրագրերը մեծ պահանջարկ ունեն հաճախորդների մոտ, քանի որ դրանք մշակվում են տվյալ բիզնես ուղղության առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով՚,- ասում է Վարչության նախագահի տեղակալ – կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը:
Նշենք, որ 2012թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով Յունիբանկի ակտիվները կազմել են 124,6 մլրդ դրամ, իսկ ընդհանուր վարկային ներդրումները` 91,4 մլրդ դրամ: Տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է 60.8 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 21.2%-ով: