Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 17:43
ՀՀ ԿԲ կանխատեսում է մասնավոր ծախսերի աճի տեմպերի 4,6 տոկոս արագացում 2012 թվականին
ԱրմԻնֆո: Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է 2012 թվականի մասնավոր ծախսերի աճի տեմպերի կանխատեսումը դեպի արագացում, իսկ ներդրումների աճի կանխատեսումը` դեպի դանդաղում: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության 2012 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրում, մասնավոր ծախսերի աճը կկազմի 4,6 տոկոս` նախորդ 3,5 տոկոս կանխատեսման դիմաց: Այդ ցուցանիշի վերանայումը դեպի արագացում պայմանավորված է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների ավելացմամբ: Միևնույն ժամանակ պետական ծախսերի իրական անկումը կկազմի 0,6 տոկոս: Զարգացման այդպիսի սցենարի պայմաններում տնտեսության միագումար ներքին պահանջարկը կավելանա 3,9 տոկոսով:
Աղբյուրի համաձայն, մասնավոր հատվածում սպառման աճի տեմպերի կանխատեսումը վերանայվել է դեպի արագացում ներքին տնտեսության աճի սպասվածից ավելի արագ տեմպերի և ցածր ինֆլյացիոն միջավայրի առնչությամբ: Այդ կանխատեսումը հիմնված է նաև մասնավոր սպառման մակարդակի աճի միջնաժամկետ սրբագրման վրա, որը ԿԲ 2012 թվականի համար գնահատում է 4,3 տոոկս:
Մասնավոր ներդրումների աճի տեմպերի կանխատեսումը սրբագրվել է դեպի դանդաղում, ինչը պայմանավորված է շինարարական հատվածի աճի սպասվածից ավելի ցածր տեմպերով, չնայած այն հանգամանքին, որ տնտեսական ակտիվության, տնտեսության եկամտաբերության, ինչպես նաև վարկավորման աճի տեմպերը վերանայվել են դեպի արագացում: Մասնավորապես, մասնավոր ներդրումների սպասվող աճը կկազմի 5,4 տոկոս` նախորդ 6,4 տոկոս կանխատեսման դիմաց: Ընդ որում, այդ աճի տեմպերը բավականին կդանդաղեն ողջ տարվա ընթացքում` նախաճգնաժամային տեմպերի համեմատ:
ԿԲ գնահատականների համաձայն, սպասվող տնտեսական աճի ավելի բարձր մակարդակը, դրամական հոսքերի աճի տեմպերի և տնտեսության վարկավորման ծավալների պահպանումը 2012 թվականին կպայմանավորեն մասնավոր ծախսերի բացասական սալդոյի 0,9 տոկոս կրճատումը` մինչև տարեվերջ զրոյացման հեռանկարով: Դա իր հերթին կձևավորի թույլ ինֆլյացիոն ճնշում տնտեսությունում` 0,2-0,4 տոոկս: