Երեքշաբթի, 17 Հուլիսի 2012 18:35
ՙԱՍԿԵ ԳՐՈՒՊ՚ -ը 70-80%-ով յուրացրել է ՙԱմերիաբանկի՚ $15 մլն արժողությամբ վարկը
ԱրմԻնֆո. ՙԱՍԿԵ ԳՐՈՒՊ՚ -ը յուրացրել է ՙԱմերիաբանկի՚`2011 թ. վերջին տրամադրված $15 մլն արժողությամբ վարկի 70-80%-ը և ամբողջությամբ կյուրացնի այն մինչև 2012 թ. վերջը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՙԱՍԿԵ ԳՐՈՒՊ՚ -ի տնօրեն Խաչատուր Անտոնյանը:
Նրա խոսքով, վարկը տրամադրվել է երեք տարի ժամկետով`արմատուրաների արտադրության նոր գլոցահաստոն կառուցելու նպատակով Siemens VAI ընկերությունից սարքավորում ձեռքբերելու համար: Սարքավորման մի մասն արդեն մատակարարվել է: Նա նշել է, որ գլոցահաստոնի հզորությունը կկազմի տարեկան 125 հազար տոննա, և այդ հնարավորությունները բավարար են շուկան ծածկելու և արտահանում կազմակերպելու համար: Մասնագետները նշում են, որ Հայաստանի արմատուրայի ներքին պահանջարկը, որը հիմնականում ներկրվում է Ուկրաինայից, կազմում է տարեկան 50 հազար տոննա:
Ոչ մեծ խմբաքանակներ ժամանակին արտադրել է ՙՄիկ մետալ՚ ընկերությունը, սակայն այժմ Հայաստանն արմատուրա չի արտադրում, ասել է Անտոնյանը: Տնօրենը նշել է, որ արտադրության ծավալները նախատեսվում է մեծացնել փուլ առ փուլ, և 2015 թվականին անցում կատարել է լրիվ նախագծային հզորության: Ներքին շուկայի պահանջարկը բավարարելուց հետո նախատեսվում է արմատուրա մատակարարել հարևան երկրներ, ասել է տնօրենը: Նա ավելացրել է, որ որպես արտադրության հիմք նախատեսվում է օգտագործել հանրապետությունում առկա մետաղաջարդոնը: Հուլիսի 17-ին աշխատանքային այցով ձեռնարկություն է այցելել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: