Ուրբաթ, 20 Հուլիսի 2012 20:53
Տիգրան Ջրբաշյան. Կտրուկ փոփոխություններ արժութային շուկայում պետք չէ սպասել
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարում արձանագրված դրամի արժեզրկումը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես`բարելավել է վճարային հաշվեկշիռը և խթան հանդիսացել արտահանման ակտիվացման համար: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշել է, որ կտրուկ փոփոխություններ արժությաին շուկայում սպասել պետք չէ`ավելացնելով, որ դրամի արժեզրկումը կառավարելի ինֆլյացիայի պայմաններում ինքնըստինքյան վտանգավոր չէ:
Ամերիաբանկ՚ ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանն իր հերթին նշել է, որ դրամի արժեզրկումն էական ազդեցություն չի ունեցել բանկի հաճախորդների վարքագծի վրա, և արժութային խնայողությունների հարաբերակցությունը դրամայինի նկատմամբ չի փոխվել:
Նշենք, որ Հայաստանի մանրածախ արժութային շուկայում դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ 2012 թ. մայիս-հունիսին կազմել է 6,6%, մասնավորապես, մայիսին`3,5%, հունիսին` 3%: Ըստ որում, դրամի արժեզրկումը շարունակվել է մինչը հուլիսի 9–ը, ինչից հետո նկատվել է վերաարժեքավորում, ինչն այդ պահից մինչև հուլիսի 17-ը կազմել է շուրջ 2%, բայց հուլիսի 18-ից վերսկսված արժեզրկումը հուլիսի 20-ի դրությամբ ձևավորել է միջին փոխարժեքը 412.5 դրամ/$1 մակարդակի վրա: