Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012 15:22
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում գործառնությունների 71,4 տոկոսը բաժին է ընկնում բանկոմատների միջոցով կանխիկացմանը
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում գործառնությունների 71,39 տոկոսը բաժին է ընկնում բանկոմատների միջոցով կանխիկացմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, երկրորդ տեղում են POS-տերմինալների միջոցով կանխիկացման գործառնությունները` 17,17%: Իսկ անկանխիկ գործառնությունների բաժինը կազմել է քարտերով գործառնությունների ընդհանուր ծավալի 11,43%-ը` ընդ որում մեծ մասն ապահովվել է POS-տերմինալների միջոցով (9,53%):
2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող POS-տերմինալների քանակը առևտրի/սպասարկման և կանխիկի տրամադրման կետերում կազմել է 5485 (տարեկան աճը` 36%), որոնցից 539-ը տեղակայված է կանխիկի տրամադրման կետերում (տարեկան աճը` 16,4%), իսկ 4946-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 38,5%): 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում կա 900 բանկոմատ, որոնց թիվը 2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 20,2%-ով: Ընդ որում, բոլոր բանկոմատները սպասարկում են ArCa տեղական քարտեր. մինչդեռ Visa քարտեր սպասարկում են 802 բանկոմատներ, իսկ MasterCard` 813-ը: -գ-
ArCa-ի տվյալներով, 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ գրանցված առևտրային կետերի թիվն է 4446 (41% տարեկան աճ): Այդ առևտրային կետերում տեղադրված է 4946 POS-տերմինալ (տարեկան աճը` 38,5%), որոնցից գործառնություններ են իրականացվել 3587 POS-տերմինալների միջոցով (տարեկան աճը` 30,3%): Տարեկան կտրվածքով ՙաշխատած՚ POS-տերմինալների բաժինը (որոնցով գործառնություններ են իրականացվել) գրանցված POS-տերմինալների թվում կրճատվել է 87,2%-ից մինչև 80,7%: