Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012 19:02
Արարատբանկը ծրագրում է 2012 թվականին ակտիվներն ավելացնել 35 տոկոսով` վարկային պորտֆելի 34 տոկոս աճի հաշվին
ԱրմԻնֆո. Արարատբանկը ծրագրում է 2012 թվականն ավարտել 2.8 մլրդ դրամ զուտ շահույթով: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, այդ նշագիծը ամրագրված է բանկի ռազմավարական զարգացման ծրագրում:
Նրա կանխատեսումների համաձայն, բանկի ակտիվները 2012 թվականին կավելանան 35 տոկոսով` վարկային պորտֆելի 34 տոկոս աճի հաշվին: ՙԸնթացիկ տարում բանկը մտադիր է աշխուժացնել ՓՄՁ վարկավորումը, ինչպես նաև ավելացնել գյուղատնտեսական վարկերի պորտֆելը՚, - նշել է Ա.Օսիպյանը: Ժամկետային ավանդների պորտֆելը նախատեսվում է ավելացնել 25 տոկոսով: Նախատեսվում է նաև պլաստիկ քարտերի թվի 40 տոկոս աճ:
Արարատբանկի տվյալներով, 2012 թվականի առաջին կիսամյակում բանկի ակտիվներն ավելացել են 25%-ով` կազմել 109.4 մլրդ դրամ: Վարկային ներդրումների աճը կազմել է 26,3%, իսկ ժամկետային ավանդների աճը` 11,8%: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերն առաջին կիսամյակում ավելացել են 21%-ով` կազմելով շուրջ 13 մլրդ դրամ: Արարատբանկի հաճախորդների բազան հաշվետու շրջանում ավելացել է 10%-ով` մինչև 55 հազար հաճախորդ: Կիսամյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 1.859 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկի կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 28,3%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA)` 3%: 2012 ապրիլի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի թիվը գերազանցել է 88 հազարը (որոնց 78%-ը` տեղական ArCa), տարեկան 52% աճով` Visa և ArCa քարտերի զգալի ավելացման հաշվին: Ակտիվ քարտերի թվով բանկը 5-րդ տեղն է զբաղեցնում տարեկան բարելավմամբ: Այսօրվա դրությամբ բանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 41 ստորաբաժանում: Որպես Արարատբանկի մեծամասնական բաժանետեր հանդես են գալիս ՙՖլեշ՚ 74,1% բաժնեմասով և Եվրաբանկը` 25%+1 բաժնետոմս: