Երեքշաբթի, 21 Օգոստոսի 2012 20:36
ՀՀ ԿԲ արձագանքել է Reuters գործակալության հոդվածին. մեգառեգուլյատորը խստագույնս հետևում է Հայաստանի ֆինանսական կայունությանը վտանգող ցանկացած երևույթներին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը, ի պատասխան ՙՌՈՅԹԵՐՍ՚ գործակալության ՙIran looks to Armenia to skirt bank sanctions՚ (http://www.reuters.com/article/2012/08/21/us-iran-sanctions-armenia-idUSBRE87K05420120821) հրապարակման կապակցությամբ հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը, գտնվելով Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, գործում են Հայաստանի Հանրապետության օրենքների, Կենտրոնական բանկի նորմատիվ և բանկերի ներքին իրավական ակտերի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողության առանցքային ոլորտներից է միջազգային կազմակերպություններիª մասնավորապես, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերով սահմանված, տարբեր երկրների նկատմամբ ֆինանսական գործառնությունների սահմանափակումների պատշաճ կատարումը:
ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրամիության և ԱՄՆ կառավարության կողմից տարբեր երկրների միջուկային ծրագրի շրջանակներում ընդունված որոշումները և դրանցով սահմանված ֆինանսական գործառնությունների սահմանափակումները ևս գտնվում են Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնումª թույլ չտալու համար հայաստանյան որևէ բանկի ներգրավումը կամ աջակցումը այդպիսի գործառույթներում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջին հերթին պարտադրում է բանկերին և այլ ֆինանսական կազմակերպություններին իրականացնել բոլոր գործարքների մանրամասն ուսումնասիրությունª թույլ չտալու համար միջազգային հանրության կողմից ընդունելի չհամարվող գործառնություններում ներգրավումը: Ավելին, Կենտրոնական բանկի խորհրդի որդեգրած քաղաքականության համաձայն, ռիսկային համարվող երկրների քաղաքացիները և կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող հիմնել ֆինանսական կազմակերպություն կամ որևէ մասնակցություն ունենալ գործող ֆինանսական կազմակերպությունների կապիտալում:
Նշվում է, որ ՙՄելլաթ բանկ՚ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է դեռևս 1996 թբականից, բանկի հաճախորդները հիմնականում Իրան-Հայաստան առևտրաշրջանառության մեջ ներգրավված փոքր և միջին ձեռնարկատերեր են, զբոսաշրջիկներ, ուսանողներ են: Բանկի գործառույթները և ակտիվների մեծությունը վերջին 3-4 տարիների ընթացքում կտրուկ նվազել են (բանկի ակտիվները 2010թ.-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2012թ.-ի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նվազել են ավելի քան 2 անգամª 88 մլն ԱՄՆ դոլարից կազմելով 40 մլն ԱՄՆ դոլար). բանկը չունի որևէ թղթակցային հաշիվ ինչպես եվրոպական և ամերիկյան բանկերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի հետ:
ՙՀայաստանի Հանրապետությունում գործող բանկերը, այդ թվում և ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ՚ ՓԲԸ-ն, չունեն թղթակցային հարաբերություններ Իրանում գրանցված բանկերի կամ ֆինանսական կազմակերպությունների հետ: Հայաստանյան բանկերի կողմից խստագույնս պահպանվում են հաճախորդների պատշաճ ուսումնասիրության կանոններըª թույլ չտալու համար որևէ ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորում միջուկային ծրագրերում ներգրավված անձանց հետ՚,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շարունակելու է խստագույնս հետևել հայաստանյան բոլոր ֆինանսական կառույցների և նրանց հաճախորդների վարքագծին և իրականացվող գործառույթներինª Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը զերծ պահելու համար կայունությանը վտանգող ցանկացած երևույթներից, ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 21-ին Reuters գործակալությունը հրապարակել է մի հոդված, որտեղ ասվում է, որ միջազգային սանկցիաները ճնշում են Իրանին, հետևաբար Իրանը փորձում է իր բանկերի ներկայությունն ընդլայնել Հայաստանում: Ինչպես նշում է աղբյուրը, վերջերս Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի պաշտոնական անձանց, Իրանի կողմից Հայաստանը միջազգային սանկցիաները շրջանցելու հնարավոր միջոց օգտագործելու կապացությամբ: Ինչպես հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մի բարձրաստիճան պաշտոնյա, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս հարցը քննարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հունիսին Երևանում կայացած հանդիպման ընթացքում: