Չորեքշաբթի, 22 Օգոստոսի 2012 19:01
Հայաստանի Կենտրոնական բանկը հիմքեր չի տեսնում երկրում իրանական ՙՄելաթ բանկի՚ մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու համար
ԱրմԻնֆո. Հայաստանի Կենտրոնական բանկը հիմքեր չի տեսնում երկրում իրանական ՙՄելաթ բանկի՚ մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու համար: Այդ մասին օգոստոսի 22-ին Երևանում մամլո ճեպազրույցում ասել է ԿԲ ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը` մեկնաբանելով Ռոյթերսի հոդվածը:
Նշենք, որ օգոստոսի 21-ին Ռոյթերս գործակալությունը մեջ էր բերել ՄԱԿ-ի փորձագետների խմբի` Իրանի վերաբերյալ զեկույցը, որը հետևում է Թեհրանի նկատմամբ սանկցիաների կիրառմանը: Զեկույցում ասվում է, որ Իրանը մշտապես միջոցներ է փնտրում ֆինանսական տրանսակցիաները շրջանցելու ուղղությամբ, որոնք դրված են երկրի միջուկային ծրագիրը սահմանափակելու նպատակով: ՙԻրանին սահմանակից մեկ պետություն խմբին տեղեկացրել է Իրանի կողմից նոր ֆինանսական կառույցներ բացելու նպատակների մասին՚,-ասվում է զեկույցում: ՄԱԿ-ի մի քանի դիվանագետներ, որոնք ծանոթ են խմբի գործունեությանը, պնդել են, որ նշված պետությունը Հայաստանն է, որի հետ Իրանն արդեն ունի բանկային կապեր: Որպես հնարավոր ֆինանսական կառույց նշվում է Հայաստանում ՙՄելլաթ՚ բանկի մասնաճյուղը:
ՙԱյդ բանկի ֆինանսական ցուցանիշները թույլ չեն տալիս ասել, որ կան օրինական հիմքեր այդ բանկի գործունեությունը դադարեցնելու համար: Այլ հարց է, եթե այդ մասին որոշում ընդունեն բանկի բաժնետերերը, բայց հազիվ թե բաժնետերերը նման որոշում ընդունեն, քանի որ Հայաստանում գործունեության համար խոչընդոտներ չկան՚,-նշել է Դ.Ազատյանը: Սակայն, շարունակել է նա, հայկական բանկերը, որպեսզի հնարավորություն ունենան աշխատել արտասահմանյան բանկերի հետ, ստիպված են եղել դադարեցնել թղթակցային հաշիվներն այդ բանկի հետ, քանի որ ԵՄ երկրները և ԱՄՆ բանկերից ու նրանց գործընկերներից պահանջում են չաշխատել Մելլաթ բանկի հետ:
ՙՀայաստանը հաճախ է ստիպված լինում տարբեր միջազգային կառույցների հետ քննարկել ՙիրանական գործոնը՚, սակայն մեր արտասահմանյան գործընկերները ըմբռնումով են մոտենում, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը ֆինանսական սպասարկման կաիրք ունի՚,-ասել է նա:
Նրա խոսքով, 1996-ին ստեղծված ՙՄելաթ բանկ՚ ՓԲԸ-ն իր գործունեության առաջին փուլում բավական ակտիվ բանկ էր, մասնավորապես, հայ-իրանական հարաբերությունների կայացման և զարգացման գործում, սակայն վերջին շրջանում այն Հայաստանի բանկային համակարգում փոքր բանկ է դարձել իրականացվող գործարքների ծավալով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Մելլաթ բանկի ակտիվները 2010 թվականի դեկտմբերի 31-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը կրճատվել են ավելի քան 2 անգամ, 88 մլն.դոլարից մինչև 40 մլն.դոլար: Բանկը չունի որևէ թղթակցային հաշիվներ ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան և հայկական բանկերում: Մելլաթ բանկը Հայաստանում իրանական կապիտալով միակ բանկն է: Ներկայումս բանկն աշխատում է միայն գլխամասային բանկի հետ, որը գտնվում է Թեհրանում և սպասարկում Հայաստանի և Իրանի միջև առևտրային գործարքները: