Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2012 18:44
ԲՏԱ բանկը Հայաստանում գործունեության 7 տարիներին տնտեսությունում ներդրել է 50 մլն դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի տնտեսությունում ԲՏԱ բանկի ներդրումները երկրում ներկայության 7 տարիներին կազմել են 50 մլն դոլար: Այդ մասին հաղորդել է ԲՏԱ բանկի (Հայաստան) վարչության նախագահի տեղակալ այանե Հայրոյանը օգոստոսի 29-ին Երևանում ՙՀայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության և փոխըմբռնման 20 տարի՚ խորհրդաժողովի ընթացքում:
Նրա ասելով, Հայաստանում ԲՏԱ բանկի գործունեությունը, հիմնականում, նպատակաուղղված է Հայաստանի այն ձեռնարկություններին աջակցությանը, որոնք ցանկանում են բիզնես ստեղծել Ղազախստանում: Բանկը նաև օգնում է Ղազախստանի ձեռնարկություններին Հայաստանում բիզնեսի ընդլայնման գործում:
ՙՀայաստանն ու Ղազախստանը բազմամյա և ստուգված գործընկերներ են տարբեր բնագավառներում: Այդ համագործակցությունն ունի խոր պատմական արմատներ: Մաքսային միությանն անդամակցության առնչությամբ Ղազախստանն իրենից ներկայացնում է բավականին գրավիչ շուկա հայկական ընկերությունների համար, և այդ համատեքստում ԲՏԱ բանկի դերը դժվար է գերագնահատել երկու պետությունների միջև տնտեսական կապերի վերականգնման գործում՚, - նշել է Հայրոյանը: Նա ավելացրել է, որ ԲՏԱ բանկ (Հայաստան) ներդնում է միջոցներ, ստեղծում աշխատատեղեր, դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի տնտեսությունը: Բանկն առավելապես աշխատում է փոքր բիզնեսի շուկայում և մասնավոր հաճախորդների հետ: Բանը նաև սկսել է Հայաստանի գյուղատնետսական հատվածի փուլային ֆինանսավորումը` տրամադրելով վարկեր 2013 թվականին արտահանման նպատակով բանջարեղենի և մրգերի բերքի մթերման համար:
ՙՆերդրումները, նախևառաջ, գնում են այնտեղ, որտեղ կա քաղաքական և տնտեսական կայունություն: Իր ներկայությամբ Հայաստանում ԲՏԱ բանկը ցույց է տալիս, որ Ղազախստանը բարձր է գնահատում քաղաքական կայուն իրավիճակը Հայաստանում՚, - ընդգծել է բանկի վարչության փոխնախագահը:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած ՙՀայաստանի բանկերի ռենքինգի՚ տվյալներով, ԲՏԱ բանկի վարկային ներդրումների ծավալը 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 5.1 մլր դրամ, կիսամյակի ընթացքում 5,1%, իսկ տարեկան կտրվածքով 18% աճի պայմաններում: Նշված օրվա դրությամբ բանկի ակտիվները կազմել են 9.8 մլրդ դրամ, տարեկան 8%, իսկ առաջին կիսամյակում 4% աճով: Բանկի ընդհանուր կապիտալը առաջին կիսամյակում ավելացել է 2,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 1,2%-ով, մինչև 5.5 մլրդ դրամ: Բանկն ունի 7 մասնաճյուղ, որոնցից 6-ը` մայրաքաղաքում:
ՙԲՏԱ ԻնվեստԲանկ՚ ՓԲԸ-ն հայկական շուկա է մտել 2005 թ. հունիսին ՙՄիջազգային Ինվեստիցիոն Բանկ՚ ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթի 48 տոկոսի ձեռք բերման արդյունքում, որը գործում է 1991թ.-ից: 2008 թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական թույլտվությունը` ՙԲՏԱ ԻնվեստԲանկ՚ ՓԲԸ-ից ՙԲՏԱ Բանկ՚ ՓԲԸ անվանափոխման վերաբերյալ: ԲՏԱ բանկի (Հայաստան) մեծամասնական բաժնետերն է Ղազախստանի ՙՏուրանԱլեմ՚ (ԲՏԱ) բանկը կապիտալի 48,9% բաժնեմասով, իսկ մնացած բաժինը պատկանում է ավստրիական ZRL Բետալիգունդս ընկերությանը` 31,1%, ղազախահայկական ՙMOBILEX Էներջի՚ ՀՁ` 16,3 %, ՙԱՄԿ Ինվեստ՚ նախագծաշինարարական ընկերություն՚ ՍՊԸ-ին` 3,7 %: ԲՏԱ բանկը (Հայաստան) ղազախական կապիտալի մասնակցությամբ միակ բանկն է ՀՀ-ում: