Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012 21:30
Չնայած համաշխարհային իրավիճակի անբարենպաստ զարգացումներին, ԱՄՀ-ն բավարարված է Հայաստանի տնտեսական ցուցանիշներով
ԱրմԻնֆո. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի հաջող ընթացքի կապակցությամբ. ՙԿարևոր է, որ մենք ամբողջությամբ կատարում ենք մեր բյուջետային պարտավորությունները: Բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր է, քան ծրագրել էինք, գնաճը գտնվում է ծրագրված, նույնիսկ մի քիչ ցածր գնաճային ցուցանիշի ներքո, տնտեսական աճն ավելի շատ է, քան պլանավորել էինք՚:
Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի ՙԵրկարաձգվող ֆինանսավորման՚ և ՙԵրկարաձգվող վարկավորման՚ եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ: ՙԱյս առաքելությունը երկու նպատակ էր հետապնդում` քննարկումներ անցկացնել տնտեսական քաղաքականության վերաբերյալ և իրականացնել մեր ծրագրի 5-րդ` հերթական ամփոփիչ ստուգումը: Դուք շեշտադրեցիք դրական զարգացումները, և մենք համակարծիք ենք: Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել կառավարության և Կենտրոնական բանկի մեր գործընկերներին աշխատանքի համար` հատկապես տնտեսական աճի ցուցանիշի առումով, որը կանխատեսվածից ավելի բարձր է` հաշվի առնելով ոչ բարենպաստ զարգացումները տարածաշրջանում և աշխարհում: Բյուջեի կատարողականը նույնպես տպավորիչ է, հատկապես եվրոպական երկրների և ձեր հարևան պետությունների համեմատ: Ի գիտություն ենք ընդունում նաև այն կարևոր հանգամանքը, որ գնաճի ցուցանիշն այս պահին ցածր է՚,- ասել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը: Նա հավելել է, որ թեև մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումներին: Մասնավորապես, 2013 թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:
Նշենք, որ ԱՄՀ հանդեպ Հայաստանի ընդհանուր փոխառությունները կազմում են 178.3 SDR կամ 269.8 մլն.դոլար: Ըստ Fitch գործակալոթւյան վերլուծաբանների, Հայաստանը վճարները կսկսի իրականացնել 2013 թվականից: Կառավարությունը պատրաստվում է վերաֆինանսավորել իր ուղղակի պարտավորությունները Հիմնադրամի հանդեպ, հիմնականում, միջազգայն ֆինանսական կազմակերպությունների միջոցնրի հաշվին: ԱՄՀ մասնագետները 2012 թվականի համար դրական հաշվարկեցին Հայաստանի տնտեսության զարգացման միջին կանխատեսումը, չնայած նշեցին արտաքին ռիսկերի առկայությունը: