Երեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2012 22:07
Հայաստանում արտարժույթով պարտատոմսերի թողարկումը չի բերի տնտեսության դոլարիզացիայի ուժեղացման
ԱրմԻնֆո. Հայաստանում արտարժույթով պարտատոմսերի թողարկումը չի բերի տնտեսության դոլարիզացիայի ուժեղացման: Այսօր, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալությանթղթակցի հարցին, լրագրողներին նման հայտարարություն է արել ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Նրա խոսքերով, նշված պարտատոմսերի թողարկումը հիմնականում ուղղված է արժեթղթերի շուկայի զարգացմանը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները ակտիվություն կդրսևորեն և ձեռնամուխ կլինեն արտարժութային կորպորատիվ անվանական պարտատոմսերի թողարկմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, արտարժութային պարտատոմսերի հարթակի ստեղծման գաղափարի արդիականացումը, իսկ այժմ նաև ընդունումը, առաջին հերթին կապված է դրամային պարտատոմսերի հարթակի լճացման հետ, որպես ֆինանսական ճգնաժամի հետևանք, որը 2009 թվականին բերեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկմանը, որից հետո էլ թողարկումների քանկաը շուկայում կտրուկ կրճատվեց: Այլընտրանքային գործիքների տոկոսադրույքների բարձրացման հետ կապված կորպորատիվ բոնդերի գրավչությունը կտրուկ ընկավ և, գործնականում, բոլոր նոր թողարկումներն իրականացվում էին նախորդ թողարկումները վերաֆինանսավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են միայն երկու թողարկողների պարտատոմսեր:
Նշենք, որ արտարժույթով պարտատոմսերի թողարկման հնարավորությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվել է Հայաստանի ֆինանսական շրջանակներում: Կային ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Առաջինները գտնում էին, որ այդ որոշումը կառաջացնի դեպի Հայաստան ներդրումների ներհոսք, մեծացնելով երկրի ներդրումային գրավչությունը: Մյուսները գտնում են, որ այդ որոշումը հայ թողարկողներին կբախի արտարժութային լուրջ ռիսկերի հետ: Հետևաբար, առաջարկվում էր կրճատել թողարկող կազմակերպութոյւների թիվը: Մասնավորապես, պետք է լինեն միայն արտահանող և ֆինանսական կազմակերպությունները: Նշվում էր նաև, որ դա կբարձրացնի երկրի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը:
Փորձագետները գտնում են, որ արտարժութային պարտատոմսերի առաջին թողարկողը պետք է լինի ինքը, պետությունը` 200-500 մլն.դոլար առաջին տրանշով: Որպես պարտքային գործիք արտարժութային պարտատոմսերը կարող են գրավիչ լինել նաև մի շարք խոշոր կազմակերպություների, հատկապես նրանց համար, ովքեր արդեն իրենց պատմությունն ունեն Հայաստանի կապիտալի շուկայում: