Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 14:14

"Անելիք Բանկ" ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը պարգևատրվել է "Անանիա Շիրակացու" մեդալով


ԱրմԻնֆո: Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ "Անելիք Բանկ" ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին պարգևատրել է "Անանիա Շիրակացու" մեդալով` տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Անելիք Բանկ" ՓԲԸ մամլո ծառայությունում:

"Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգում գործող երկարամյա փորձ ունեցող ղեկավարներից է: Նա կանգնած է եղել անկախ Հայաստանի բանկային համակարգի ստեղծման ակունքներում: Շուրջ 18 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է "Անելիք Բանկ" ՓԲԸ, իսկ իր շուրջ 40 ամյա բանկային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բանկեր, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում` Մոսկվայում: Նա երկար տարիներ գլխավորել է նաև Հայաստանի Բանկերի Միությունը:

Նրա ղեկավարության օրոք Բանկը հասել է զգալի հաջողությունների և այսօր ՀՀ բանկային համակարգում այն ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Նրա անմիջական ղեկավարությամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրներում, ստեղծվել Է ֆիզիկական անձանց Դրամական Փոխադրումների "Անելիք" Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում:

Սամվել Ճզմաչյանի կողմից ղեկավարվող բոլոր ընկերություններում միշտ կարևորվել են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, աջակցություն է ցուցաբերվել արվեստին, մշակույթին, սպորտին և սովորական քաղաքացիներին" – նշվել է պարգևատրման ընթացքում: