Երեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2012 15:38
Թանկարժեք մետաղների գները սեպտեմբերին աճել են 8.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Սեպտեմբերին Հայաստանում թանկարժեք մետաղների թանկացումը հիմնականում պայմանավորված էր արծաթի` 11.8% և պլատինի` 8.2% թանկացումով, ընդ որում, այդ ընթացքում ոսկին թանկացել է 6.1%, իսկ պալադիումը` 6.4%: Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաների գների միջին աճը կազմել է 0.7%, հիմնականում ոսկու, արծաթի և պլատինի` 1.1% թանկացման և պալադիումի 0.6% էժանացման հետեւանքով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2012 թվականի սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 23143.07 դրամ, նախորդ շաբաթվա համեմատ աճելով 1.2%, արծաթի գինը` 450.65 դրամ, աճելով 1.8%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 21596.12 դրամ, 0.5% շաբաթական աճով, պալադիումի գինը` 8841.99 դրամ` շաբաթական 0.6% աճով:
Տարեսկզբից ոսկու մեկ գրամի բացթողման գինը Հայաստանում աճել է 16.7%, արծաթի գինը` 24.9%, իսկ պլատինի գինը` 22.8%, իսկ պալադիումի գինը` 13.4%: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 19.5%: Ընդ որում, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 10.1%, այդ թվում, ոսկին` 3.9%, արծաթը` 10.7%, պլատինը` 16.5%, իսկ պալադիումը` 9.4%: Երկրորդ եռամսյակում թանկարժեք մետաղների գները նվազել են մոտ 1.5%, ընդ որում` արծաթը` 5.4%, պլատինը` 3.7%, պալադիումը` 1.8%, իսկ ոսկին թանկացել է 4.7%: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում թանկարժեք մետաղները թանկացել են 8.3%, հիմանականում պլատինի 12.2%, ոսկու 8.8%, պալադիումի 7.4% և արծաթի 4.7% թանկացման հետեւանքով: Թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 9.5%, հիմնականում արծաթի և պլատինի 11-12% թանկացման հետեւանքով, իսկ գների ամենամեծ անկումը գրանցվել է մարտին` 5.1%, հիմնականում ոսկու և արծաթի 6-7% էժանացման հետեւանքով:
Ըստ Bloomberg գործակալության տվյալների, 2012 թվականին ոսկին պահպանում է գնային նոր ռեկորդներ սահմանելու բոլոր հնարավորությունները, հիմնականում` ԱՄՆ և Չինաստանում իրականացվող քանակական մեղմման քաղաքականության շնորհիվ: Այդ դեպքում ոսկու պահանջարկը կայուն ձևով կաճի, քանի որ այն հանդիսանում է ինֆլյացիայից պաշտպանվելու միջոց: Ըստ գործակալության կողմից թրեյդերների և վերլուծաբանների շրջանում իրականացված հարցումների, մինչեւ տարեվերջ ոսկու մեկ ունցիայի գինը կարող է հասնել 1800 դոլարի: Դրան նպաստում է Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամը եւ ԱՄՆ FRS-ի կողմից իրականացվող քանակական մեղմման քաղաքականությունը (QE3): Այս գործընթացների լույսի ներքո ներդրողները փորձում են իրենց կապիտալները ներդնել ավելի անվտանգ ակտիվներում, ինչպիսին հանդիսանում է ոսկին: Բազմաթիվ տնտեսագետների կարծիքով, Եվրոպայում իրավիճակը գնալով կվատթարանա, իսկ գոյություն ունեցող պրեբլեմների լուծման ճանապարհները դեռ չեն ուրվագծվել, հետեւաբար, անվտանգ ակտիվների պահանջարկը կշարունակի մեծանալ: