Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 14:14
"Անելիք Բանկ" ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը պարգևատրվել է  "Անանիա Շիրակացու" մեդալով
ԱրմԻնֆո: Հայաստանի Հանրապետության  Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ "Անելիք Բանկ" ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանին պարգևատրել է  "Անանիա Շիրակացու" մեդալով` տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Անելիք Բանկ" ՓԲԸ մամլո ծառայությունում: 
"Սամվել Ճզմաչյանը բանկային համակարգում գործող երկարամյա փորձ ունեցող ղեկավարներից  է: Նա կանգնած է եղել անկախ Հայաստանի բանկային համակարգի ստեղծման ակունքներում: Շուրջ 18 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է "Անելիք Բանկ" ՓԲԸ, իսկ իր շուրջ 40 ամյա բանկային գործունեության ընթացքում ստեղծել և ղեկավարել է բանկեր, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում` Մոսկվայում: Նա երկար տարիներ գլխավորել է նաև Հայաստանի Բանկերի Միությունը: 
Նրա ղեկավարության օրոք Բանկը հասել է զգալի հաջողությունների և այսօր ՀՀ բանկային համակարգում այն ունի իր ուրույն տեղն ու դիրքը: Նրա անմիջական ղեկավարությամբ, առաջին անգամ ԱՊՀ երկրներում, ստեղծվել Է ֆիզիկական անձանց  Դրամական Փոխադրումների "Անելիք" Համակարգը, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրներում:
Սամվել Ճզմաչյանի  կողմից ղեկավարվող բոլոր ընկերություններում միշտ կարևորվել են սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը, ինչպես նաև, հնարավորության դեպքում, աջակցություն է ցուցաբերվել  արվեստին, մշակույթին, սպորտին և սովորական քաղաքացիներին" – նշվել է պարգևատրման ընթացքում: