Հինգշաբթի, 27 Սեպտեմբերի 2012 17:54
Հայաստանում դեռեւս քիչ են կիրառվում արտարժութային ֆորվարդները
ԱրմԻնֆո. Հայկական ընկերությունների մեծամասնությունը համագործակցում է հատկապես չինական գործարարների հետ, ինչի մասին է վկայում HSBC կողմից կատարված հարցումը: Ինչպես բանկի կողմից կազմակերպված` առեւտրի ֆինանսավորման Ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ընթացքում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է HSBC Բանկ Հայաստանի Առեւտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Արթուր Պետրոսյանը, հատկապես այդ պատճառով էլ ներդրվել են չինական յուանով արտարժութային ֆորվարդները, արտարժութային ռիսկերից խուսափելու համար: ՙԱյն փաստը, որ HSBC Բանկը հանդիսանում է խոշորագույն օտարերկրյա բանկը Չինաստանում, ավելի է հեշտացնում մեր հաճախորդների աշխատանքը չինացի գործընկերների հետ՚,-նկատել է նա:
HSBC Բանկ Հայաստանի Ֆինանսական շուկաներում բիզնեսի զարգացման մենեջեր Մարինե Նիկողոսյանը, խոսելով արտարժութային ֆորվարդների մասին, ցավով նշել է, որ նման գործիքների հայաստանյան շուկան շատ դանդաղ է զարգանում, ընդ որում, հիմնականում, հայրենական գործարարների վատ տեղեկացված լինելու պատճառով: Նա նշել է, որ այդ նպատակով հարկավոր է կազմակերպել ուսուցողական սեմինարներ եւ միջոցառումներ: