Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2012 14:56
Հայաստանում սպառողների վստահությունը հոռետեսական է, ընդ որում, ինչպես ընթացիկ, այնպես էլ ապագա պայմանների առումով
ԱրմԻնֆո. Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը 2012 թվականի 3-րդ եռամսյակում նվազել է` 101,5%-ից մինչեւ 97.1%, իսկ տարեկան կտրվածքով կազմել է 95,5% (նախորդ տարվա արդյունքը` 106.3%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, սպառողների վստահության ինդեքսի նման անկումը հետեւել է նախորդ երկու եռամսյակներում գրանցված աճերին:
Ըստ աղբյուրի, ինդեքսի բաղադրիչները` ընթացիկ պայմանների ինդեքսը, հաշվետու եռամսյակում տարեկան կտրվածքով նվազել է 4.6%, մինչեւ 95,4%, իսկ եռաամսյակում նվազել է իսկ 2.8%, մինչեւ 97.2%: Սպառողների վստահության ինդեքսի մյուս բաղադրիչը, ապագա պայմանների ենթաինդեքսը, նույնպես ենթարկվել է տարեկան 4,3% անկման, մինչեւ 95,7%, իսկ 3-րդ եռամսյակում նվազել է 3%, մինչեւ 97%:
Բացի այդ, ընթացիկ պայմանների ենթաինդեքսում զգալի անկում (18%) արձանագրվել է տնային տնտեսությունների կողմից ներկայիս տնտեսական իրավիճակի գնահատման գծով, 3-րդ եռամսյակում կազմելով 82% (տարեկան մակարդակը` 80,3%), ինչպես նաեւ եկամուտների փոփոխության գծով` 4.2%, մինչեւ 95,8% (տարեկան մակարդակը` 101.9%): Իսկ խոշոր գնումների կատարման փաստով տարկան ենթաինդեքսը կազմել է 98,9%, իսկ եռամսյակային ենթաինդեքսը կազմել է 107.6%:
Ապագա պայմանների ենթաինդեքսում բոլոր բաղադրիչները տարկան կտրվածքով կրճատվել են, իսկ եռամսյակային աճ է արձանագրվել է միայն հաջորդ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու հնարավորության ենթաինդեքսի գծով` 100.6% (տարեկան անկումը` 98.7%): Ընտանիքում զբաղվածության ենթաինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 93,9%, իսկ եռամսյակում` 98,9%: Հաջորդ եռամսյակում եկամուտների փոփոխության ակնկալիքները մնացել են հոռետեսական` տարեկան անկումը` 94.5%, իսկ եռամսյակային անկումը` 91.6%:
Հիշեցնենք, որ հարցումը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվում է 2005 թվականից, որը կոչված է գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակը եւ ակնկալիքները երկրում: Ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) եւ երմանական IFO ինստիտուտի կողմից մշակված սկբունքների վրա: