Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2012 20:41
Հայաստանն արտաքին պարտքի մարման հետ կապված պրոբլեմ չունի
ԱրմԻնֆո. Հայաստանն արտաքին պետական պարտքի մարման հետ կապված պրոբլեմ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը:
Նրա խոսքերով, 2013 թվականին սպասվում է արտաքին պետպարտքի սպասարկման գագաթնակետը: Մասնավորապես, կառավարության կողմից պետպարտքի մարմանն ուղղված միջոցները կկազմեն մոտ 220 մլն.դոլար, իսկ Կենտրոնական բանկի մարումների հետ մեկտեղ պետպարտքի սպասարկման համար նախատեսված միջոցների ընդհանոր գումարը կկազմի 420 մլն.դոլար: ՙՀաջորդ տարի պետպարտքի սպասարկման հետ կապված սենսացիաներ չեն լինի, պարզապես, բյուջեի կողմից կհատկացվեն ավելի շատ միջոցներ, սակակայն, դա ոչ մի կերպ չի կարող ազդել մյուս ծախսերի վրա՚,-ընդգծել է նախարարը, հավելելով, որ արտաքին պարտքը սպասարկելու համար Հայաստանը միջազգային պահուստներում ունի բավականաչափ միջոցներ:
Նշենք, որ իր սեպետմբերի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թվականի բյուջեի նախագծին, որի համաձայն, բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2.6%-ը: Տարեվերջին Հայաստանի արտաքին պարտքը կկազմի 3.8 մլրդ.դոլար, իսկ 2013 թվականի ավարտին` 4 մլրդ.դոլար: 2013 թվականի բյուջեի քվեարկությունը ՀՀ խորհրդարանում տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին: