Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 18:29
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ. Դրամական փոխանցումների համակարգերի միջև աճող մրցակցությունն ավելացնում է ֆիզիկական անձանց փոխանցումների շրջանառությունը
ԱրմԻնֆո. Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումները, որոնք իրականացվում են առանց բանկային հաշիվ բացելու, տարեցտարի ավելանում են դրամական փոխանցումների համակարգերի միջև աճող մրցակցության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը` ելույթ ունենալով ՙԱՊՀ դրամական փոխանցումները. զարգացման հեռանկարներ, նոր տրենդեր և տեխնոլոգիաներ՚ միջազգային խորհրդաժողովում, որն ընթացել է հոկտեմբերի 26-ին Երևանում:
Նրա ասելով, S.W.I.F.T. բաժինը Հայաստանի ընդհանուր դրամական փոխանցումներում 2009-2012 թթ. նվազել է ինչպես ըստ ծավալի ( 53%-ից մինչև 46%), այնպես էլ ըստ քանակի (10%-ից մինչև 5%), իսկ մնացած համակարգերի բաժինը նույն ժամանակահատվածում դրսևորում է կայուն աճ: Ընդ որում, եթե դեպի Հայաստան բոլոր փոխանցումների 67%-ն իրականացվում է առանց բանկային հաշիվ բացելու, ապա դեպի արտասահման փոխանցումների 78%-ը կատարվում է S.W.I.F.T. համակարգով:
ՙԱյդ միտումը բացատրվում է այն բանով, որ վերջին տարիներին Հայաստանում բավականին աճել է մրցակցությունը դրամական փոխանցումների համակարգերի միջև, ինչը հանգեցրել է գանձվող միջնորդավճարների նվազման: Իրենց դրական ազդեցությունն են գործել նաև համակարգերի սպասարկման կետերի թվի աճն ու դրանց աշխարհագրական ընդլայնումը՚, - նշել է Օ.Աղասյանը:
Նա նշել է, որ առանց հաշիվ բացելու դրամական փոխանցումները ծանրակշիռ նշանակություն ունեն երկրի տնտեսության համար, և հենց այդ պատճառով ԿԲ հատուկ ուշադրություն է դարձնում դրամական փոխանցումների համակարգերի աշխատանքին հանրապետությունում:
Ընդհանուր առմամբ, 2011 թվականին Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումների ընդհանուր ծավալն ավելացել է 13,7%-ով, ընդ որում արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 5%-ով, իսկ դեպի Հայաստան փոխանցումների ծավալը` 17,5%-ով: Նույն միտումն է նկատվում նաև ընդհանուր դրամական փոխանցումների քանակում ինչպես S.W.I.F.T համակարգով, այնպես էլ դրամական փոխանցումների մնացած համակարգերով` ներհոսը 12,5 անգամ գերազանցում է արտահոսը: ՀՆԱ նկատմամբ փոխանցումների ընդհանուր ծավալը կազմում է միջին հաշվով 27,5%, իսկ ստացվող փոխանցնումներինը` 18,5%: 2011 թվականին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների քանակն ավելացել է 19%-ով: Ընդ որում, դեպի արտասահման փոխանցումներն ավելացել են ընդամենը 10,7%-ով, իսկ դեպի Հայաստանի փոխանցումների հոսքը` 18,7%-ով:
Ավելացնենք, որ ՙԱՊՀ դրամական փոխանցումները. զարգացման հեռանկարներ, նոր տրենդեր և տեխնոլոգիաներ՚ միջազգային խորհրդաժողովի հիմնական կազմակերպիչը դրամական փոխանցումների UNISTREM միջազգային համակարգն էր: Խորհդրաժողովին մասնակցել են տարբեր երկրների կենտրոնական բանկերի, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների, վճարային համակարգերի ներկայացուցիչներ, ինչպես նաև բանկային գործի համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող ընկերություններ: