Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2012 18:36
Կենտրոնական բանկը չի բացառում որոշ վճարային համակարգերի գործունեության դադարեցումը Հայաստանում
ԱրմԻնֆո. Հայաստանի կենտրոնական բանկը չի բացառում որոշ միջազգային վճարահաշվարկային համակարգերի գործունեությունն արգելելու հնարավորույթունը, որոնք խնդիրներ ունեն կարգավորողի` մասնակից բանկերի բոլոր մասնաճյուղերում ծառայություններ մատուցելու պահանջի առնչությամբ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, չճշտելով, թե հատկապես որ համակարգերին է խոսքը վերաբերում:
ԿԲ պահանջում ամրագրված է, որ Հայաստանի տարածքում գործող համակարգը պետք է համանման գործառնություններ իրականացնի Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել հանրապետության տարածքում ՙԶոլոտայա Կոռոնա՚ վճարահաշվարկային համակարգի գործունեությունը դադարեցնելու մասին: ԿԲ նման որոշում է կայացրել ընկերության գործունեության դիտարկման և հաճախորդների դիմումների հիման վրա, որոնք բողոքել են այն բանից, որ ՙԶոլոտայա Կոռոնան՚ Հայաստանի բանկերի մի շարք մասնաճյուղերում ծառայություններ չի մատուցում: Մինչ այդ, համանման պատճառներով, սեպտեմբերի 6-ին ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած էր ճանաչել ՙMigom՚ վճարահաշվարկային համակարգի գործունեության թույլատրությունը:
ՙԲանկն այդ որոշումը կայացրել է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա: Այդ համակարգերը հրաժարվում էին հաճախորդներին սպասարկել ԼՂՀ մի շարք քաղաքներում` Ստեփանակերտում, Շուշիում և այլ քաղաքների բանկային մասնաճյուղերում՚, - ընդգծել է Օ.Աղասյանը, չճշտելով, սակայն, թե կոնկրետ որ բանկերի որ մասնաճյուղերի հետ էին հրաժարվում աշխատել վերը նշված համակարգերը:
ՙԱյժմ Հայաստանի տարածքում թույլարտվում է ավելի քան 14 միջազգային վճարահաշվարկային հնամակարգերի գործունեությունը, սակայն դրանցից մի քանիսում տվյալ պահին դիտվում են նույն խնդիրները: Հենց այդ պատճառով ԿԲ ներդրել է նոր պահանջ. ՎՀՀ պաշտոնական կայքերում զետեղել քաղաքների և սպասարկման կետերի հասցեների ցուցակները, որոնցում քաղաքացիները կարող են ստանալ դրամական փոխանցումները: Այդ տեղեկատվությունը պետք է մատչելի լինի նաև սպասարկման բոլոր կետերում՚, - ընդգծել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամը:
Նա նաև բացառել է, որ երկու օպերատորների գործունեության դադարեցումից հետո Հայաստանի դրամական փոխանցումների շրջանառությունը կնվազի կամ կկենտրոնանա առանձին համակարգերում: ՙՊարզապես, տեղի կունենա ծավալների հավասարաչափ վերաբաշխում՚, - ավելացրել է Օ.Աղասյանը: