Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2012 15:52
"ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով
ԱրմԻնֆո: "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հարկադիր սնանկության ճանաչման պահանջով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի ներքին ընթացակարգերի համաձայն 2010 թվականի նոյեմբեր ամսից բանակցություններ են տարվում Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Տիգրան Վաչիկի Ստեփանյանի հետ` կապված վերջինիս կողմից Բանկի առջև իր ունեցած պարտավորությունները չկատարելու կապակցությամբ՚,-ճշտում է աղբյուրը:
Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան Բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին Բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Քանի որ, Բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել Բանկի առջև ունեցած իր պարտավորությունները 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ հայց է ներկայացրել դատարան պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին:
Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:
"ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: "ՎՏԲ Բանկ" ԲԲԸ հանդիսանում է "ՎՏԲ-Հայաստան Բանկ" ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-69 մասնաճյուղ: