Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 20:29
Հայաստանի բանկային համակարգը 2012 թվականի 9 ամիսները եզրափակել է 31.2 մլրդ.դրամ շահույթով
ԱրմԻնֆո. 2012 թվականի 9 ամիսների արդյունքում, Հայաստանի բանկերի համախառն եկամուտը կազմել են 284,4 մլրդ դրամ (700 մլն դոլար, տարեկան աճը` 37.4%), իսկ ծախսերը կազմել են 244,6 մլրդ դրամ ($ 602.1 մլն, տարեկան աճը` 39.3%): Արդյունքում, բանկային համակարգը հաշվետու ժամանակահատվածը եզրափակել է 39.8 մլրդ դրամ կամ $ 98 մլն հաշվեկշռային շահույթով (տարեկան աճը` 26.7%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 31.2 մլրդ դրամ, կամ $ 76,8 մլն, գրանցելով տարեկան 27.4% աճ:
Հայաստանի բանկերի համախառն եկամտի կազմում տոկոսային եկամուտները 2012 թվականի առաջին 9 ամիսներին կազմել են 166,3 մլրդ դրամ ($ 409.4 մլն) կամ 58,5%: Ոչ տոկոսային եկամուտների բաժինը համախառն եկամուտների կազմում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 13.8% կամ 39.4 մլրդ դրամ ($ 96.9 մլն): Համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը 9 ամիսներին կազմել են 32.7% կամ 79,9 մլրդ դրամ ($ 196.7 մլն), իսկ ոչ տոկոսային ծախսերը` 27.9% կամ 68,4 մլրդ դրամ ($ 168.4 մլն): Տարեկան կտրվածքով տոկոսային եկամուտներն ավելացել են 30.8%, ոչ տոկոսային եկամուտները` 12.8%, տոկոսային ծախսերը` 36.8%, ոչ տոկոսային ծախսերը` 18.5%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առեւտրային բանկ, իրենց 465 մասնաճյուղերով (2012-ի հուլիսի 1-ի 461 մասնաճյուղի փոխարեն):