Երեքշաբթի, 6 Նոյեմբերի 2012 21:25
ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8 տոկոս
ԱրմԻնֆո. ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է Հհ Կենտրոնական բանկի Խորհրդի նոյեմբերի 6-ի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2012 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3.4%ª մոտենալով նպատակային ցուցանիշին:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները պահպանվում են: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ, ցորենի միջազգային գների բարձր մակարդակի պահպանումը վկայում է պարենային ապրանքների միջազգային շուկայում առկա հիմնարար լարվածության մասին: Վերջինս կշարունակի իր ազդեցությունն ունենալ ներքին գների վրաª դրսևորվելով ՙՀացամթերք՚ ապրանքախմբի գներում: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորվածª արտաքին հատվածից հնարավոր են նաև էներգակիրների գնաճային ռիսկեր:
Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը շարունակում է մնալ չափավոր գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի շարունակվող արագացմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:
Հաշվի առնելով վերջին ամիսներին 12-ամսյա գնաճի ցուցաբերած վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները ներքին գների վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխումից: Այդ պարագայում 12-ամսյա գնաճը առաջիկա ամիսներին կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի այդ մակարդակի շրջանակում:
Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը իրականացնում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը` 4 տոկոսային կետից այն դարձնելով 3 տոկոսային կետ:
Հիշեցնենք, որ այդ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 2011 թվականի ապրիլի 12-ին` 8.5%-ից մինչեւ 8%, ինչը պահպանվում է մինչ օրս: ԿԲ լոմբարդային ռեպո տոկոսադրույքերը 10%-ից իջեցրեց մինչեւ 9.5%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը` 6%-ից բարձրացրեց մինչեւ 6.5%: