Հինգշաբթի, 8 Նոյեմբերի 2012 19:45
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերի ծավալը մեկ տարում աճել է 49%, իսկ երկարաձգված վարկերի ծավալը` 11.4%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի սեպտեմբերին աճել են 1,9%, հոկտեմբերի 1-ին կազմելով 1,551 տրլն.դրամ ($ 3.743 մլրդ), տարեկան աճը` 29.9%: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1,478 տրլն.դրամ ($ 3.367 մլրդ), հաշվետու ամսում նվազելով 1,8%, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 30.2%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի), ՀՀ դրամով վարկերի բաժինը կազմել է 35.3% կամ 522 մլրդ դրամ, իսկ արտարժույթ վարկերինը` 64.7% կամ 955,7 մլրդ դրամ: ՀՀ դրամով վարկավորումը հաշվետու ամսում նվազել է 8%, իսկ տարեկան կտրվածքով աճել` 15%: Արտարժույթով վարկավորումը սեպտեմբերին աճել է 1.9%, իսկ տարեկան աճը կազմել է 40.2%:
Բանկերի վարկերի կառուցվածքում հոկտեմբերի 1-ին երկարաձգվծ վարկերի բաժինը կազմել է 2% կամ 30.4 մլրդ դրամ ($ 74.9 մլն), ժամկետանց վարկերի բաժինը` 0.8% կամ 12.5 մլրդ դրամ ($ 30.9 մլն): Երկարաձգված վարկերի ծավալը սեպտեմբերին նվազել է 5.3%, իսկ ժամկետանց վարկերի ծավալը` 1%: Ընդ որում, երկարաձգված վարկերի տարեկան աճը կազմել է 11.4%, իսկ ժամկետան վարկերինը` 49%:
Երկարաձգված վարկերի կազմում ավանդաբար ամենամեծ ծավալը կազմել են կարճաժամկետ վարկերը` 80.4% կամ 24.5 մլրդ դրամ: Իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում նույնպես գերակշռել են կարճաժամկետ վարկերը` 99% կամ 12,4 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, Հայաստանում վարկերի տոկոսադրույքները 2012 թվականի սեպտեմբերին իջել են 0.5 կետով, տարեկան կտրվածքով`1.3 կետով, մինչեւ 16.41%: