Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2012 18:22
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի ներուժը կազմում է մինչև 4 մլն քարտ
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայի ներուժը կազմում է մինչև 4 մլն բանկային քարտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդպիսի կարծիք է հայտնել ՙԿոնվերս Բանկի՚ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը` պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին:
ՙԱյսօրվա դրությամբ Հայաստանի պլաստիկ շուկայում հաշվվում է շուրջ 1 մլն ակտիվ քարտ: Համաշխարհային մասշտաբով դա ցածր ցուցանիշներից մեկն է 3 մլն բնակչության համեմատ՚, - նշել է Տ.Դավթյանը: Որպես օրինակ նա նշել է հեռահաղորդակցման ընկերությունները, որտեղ յուրաքանչյուր բաժանորդին բաժին է ընկնում միջին հաշվով 1-2 sim-քարտ:
Անդրադառնալով Հայաստանի բանկերի կողմից սեփական լոկալ պրոցեսինգային կենտրոնների ստեղծմանը` նա ընդգծել է, որ դա չպետք է լինի ինքնանպատակ: Մասնավորապես, ՙԿոնվերս Բանկի՚ վերաբերյալ նա հաղորդել է, որ անցկացվել են քննարկումներ նման կենտրոն ստեղծելու հնարավորության շուրջ, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է առայժմ ձեռնպահ մնալ դրանից և փոխարենն աջակցել Armenian Card ազգային պրոցեսինգային կենտրոնի զարգացմանը: ՙԿոնվերս Բանկի՚ ղեկավարությունն այդ հարցին կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ակտիվ քարտերի թիվն անցնի 200 հազարից՚, - ավելացրել է Տ.Դավթյանը:
Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ ՙԿոնվերս Բանկն՚ ունի շուրջ 82,5 հազար ակտիվ քարտ` տարեսկզբի շուրջ 49 հազարի դիմաց: Բանկը նախատեսում է տարեվերջին ակտիվ քարտերի թիվը հասցնել մինչև 90 հազար, որտեղ գերակշռող բաժինը պատկանում է Visa International միջազգային համակարգի քարտերին: Անկանխիկ գործարքների ամսական միջին ծավալը կազմում է շուրջ 1 մլրդ դրամ` տարեսկզբի 687 մլն դիմաց: Տ.Դավթյանն ավելացրել է, որ բանկի բանկոմատների թիվը տարեսկզբից ի վեր ավելացվել է 40 տոկոսով, իսկ POS-տերմինալներինը` 32 տոկոսով:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական ամփոփագրի տվյալներով, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՙԿոնվեսր Բանկը՚ առաջատար բանկերի տասնյակում է ըստ ակտիվ քարտերի ընդհանուր ծավալի և պլաստիկ գործարքների ծավալի, իսկ Visa քարտերի թվով չորրորդ դիրքն է զբաղեցնում շուկայում: ՙԿոնվերս Բանկը՚ թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard քարտեր: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվի շուրջ 54% բաժին է ընկնում աշխատավարձային նախագծերին: POS-տերմինալների ընդհանուր թվով բանկը երկրորդ դիրքն է զբաղեցնում, իսկ միայն սեփական POS –տերմինալների թվով պահպանում է առաջատար տասնյակի դիրքը` 237 հատ: 2012 թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկն ուներ 60 բանկոմատ, որոնց մեծ մասը` Երևանում: Տարեկան կտրվածքով բանկը տեղադրել է 13 նոր բանկոմատ մայրաքաղաքում և մարզերում: Բանկը մասնակցում է կենսաթոշակային ArCa քարտերի կառավարության նախագծին, որոնց թիվն ապրիլի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 4 հազար հատ` 45% կիսմյա աճով: