Ուրբաթ, 9 Նոյեմբերի 2012 18:53
ՙԿոնվերս Բանկը՚ նախատեսում է մինչև տարեվերջ ակտիվ քարտերի թիվը հասցնել մինչև 90 հազարի
ԱրմԻնֆո. ՙԿոնվերս Բանկը՚ նախատեսում է մինչև տարեվերջ ակտիվ քարտերի թիվը հասցնել մինչև 90 հազարի: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանել է ՙԿոնվերս Բանկի՚ գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին, դրան կհաջողվի հասնել կանոնավոր ակցիաների միջոցով, որոնցից հերթականն սպասվում է MasterCard քարտապանների համար:
Այսօրվա միջոցառումը, ինչպես նշել է գործադիր տնօրենը, զուգադիպել է ՙԿոնվերս գոլ՚ ակցիային Visa քարտապանների համար, որը կգործի մինչև 2013 թվականի փետրվարը: Visa ակցիաների շրջանակում բանկի քարտապանները, նոյեմբերի մեկից իրականացնելով անկանխիկ գործարքներ, կհավաքեն բոնուսներ` ՙգոլեր՚, ինչի շնորհիվ հնարավորություն կստանան շահելու գլխավոր մրցանակը` երկու հոգու համար Մադրիդի եռօրյա ուղեգիր ՙՌեալ Մադրիդ՚-ՙԲարսելոնա՚ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար, որը կկայանա 2013 թվականի մարտի 3-ին: Ակցիաների մասնակիցը Visa քարտով գնումներ կատարելիս կստանա մեկական ՙգոլ՚ 1000 դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ գնման համար: Հաղթողը կմեկնի ֆուտբոլային խաղին, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցնողները սկտանան հեռուստացույցներ, իսկ մնացած 50 ակտիվ քարտապանները` հայտնի ֆուտբոլային ակումբների լոգոտիպներով գնդակներ և վզնոցներ: Ակցիաների շրջանակում ՙԿոնվերս Բանկը՚ նվազեցրել է Visa քարտերի սպասարկման տարեկան սակագները. Visa Electron` 3000 դրամից մինչև 500 դրամ, Visa Classic` 6000 դրամից մինչև 1000 դրամ: Տ.Դավթյանն ավելացրել է, որ նման ակցիաներով ՙԿոնվեսր Բանկը՚ խրախուսում է անկանխիկ գործարքների զարգացումը:
ԱրմԻնֆո գործակալության նախապատրաստած ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական ամփոփագրի տվյալներով, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՙԿոնվեսր Բանկը՚ առաջատար բանկերի տասնյակում է ըստ ակտիվ քարտերի ընդհանուր ծավալի և պլաստիկ գործարքների ծավալի, իսկ Visa քարտերի թվով չորրորդ դիրքն է զբաղեցնում շուկայում: