Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 17:30
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարկային պորտֆելում 45%-ը բաժին է ընկնում միջազգային ծրագրերի շրջանակներում ռեսուրսներին
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարկային պորտֆելում 45%-ը բաժին է ընկնում միջազգային ծրագրերի շրջանակներում ռեսուրսներին: Ինչպես հայտարարել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, այսօրվա դրությամբ տարբեր ծրագրերի շրջանակներում միջազգային կառույցներից արդեն ներգրավվել է $25 մլն:
Ա. Օսիպյանը նաև ավելացրել է, որ բանկի զարգացման ռազմավարական ծրագիրը ներառում է 2012 թ. վարկային պորտֆելի 30% աճ: Ըստ որում, տեղին է նշել, որ ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքների համաձայն, արդեն հաջողվել է վարկային պորտֆելն ավելացնել 36,1%-ով`մինչև 66.4 մլրդ դրամ /ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի ռենքինգ/:
Հետագա ծրագրերի առնչությամբ Ա. Օսիպյանը նշել է, որ նախատեսվում է մասնաճյուղային ցանցի ընդլայնում`ներկայիս 42-ից մինչև 60 ստորաբաժանում, ինչին մեծապես կնպաստի բանկի կապիտալում նոր բաժնետերի հայտնվելը`ի դեմս Incofin Investment Management-ի (Incofin IM` 10% մասնաբաժնով), որի հետ համաձայնագիր արդեն ստորագրվել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 29-ին:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մի շարք միջազգային ծրագրերի մասնակից է, այդ թվում` EBRD, որոնք նպատակաուղղված են ՓՄԲ վարկավորմանը, առևտրային ֆինանսավորմանը և այլն:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի ռենքինգի 2012 թ. հոկտեմբերի 1-ի տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ակտիվներում ավելի քան 67% բաժին է ընկնում վարկային պարտֆելին: Վերջինիս կառուցվածքում շուրջ 55%-ը տնտեսությանն ուղղված վարկեր են, և այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 48,3%-ով: Ըստ ճյուղերի`բանկի վարկային պորտֆելը հիմնականում կենտրոնացած է առևտրի ոլորտում` 37,5% և արդյունաբերական հատվածում` 12,8%: ՓՄԲ ոլորտ բանկի կողմից ուղղվել է 21.8 մլրդ դրամ կամ վարկային պորտֆելի 44,2%-ը` 50% տարեկան աճով: Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքներով, բանկն ապահովել է զուտ շահույթ`2.8 մլրդ դրամ մակարդակով (6-րդ դիրք)`65,8% տարեկան աճով: