Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 22:53
Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները հոկտեմբերին աննշան անկում են ցուցադրել
ԱրմԻնֆո. Հոկտեմբերին Հայաստանի ֆինանսական շուկայում շարունակվել են տոկոսադրույքների կայուն և փոքր-ինչ նվազման միտումները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 8.9% (նախորդ ամսվա նկատմամբ նվազում 0.55%-ով), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.58% (աճ՝ 0.15%-ով), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.76% (նվազում՝ 0.33%-ով):
ՀՀ արտարժույթի շուկայում հոկտեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.5%-ով` կազմելով 406.7 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.6%-ով՝ կազմելով 527.5 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 13.1 դրամ:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 6-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստում որոշվել է անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: ԿԲ վերանայել է նաև Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքները նվազեցվել են 10 տոկոսից մինչև 9.5 տոկոս, իսկ ներգրավված միջոցների տոկոսադրույքները 6 տոկոսից բարձրացվել են մինչև 6.5 տոկոս: