Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 22:53
Հայաստանի դրամական զանգվածը մեկ տարում ավելացել է 23 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը հոկտեմբերի վերջին տարեկան կտրվածքով ավելացել է 23 տոկոսով, իսկ դրամային զանգվածը` 18,4 տոկոսով: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԿԲ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, դրամային ավանդները նույն ժամանակահատվածում ավելացել են 30,2 տոկոսով` արտարժութային ավանդների 29,4 տոկոս աճի պայմաններում (կամ 21,2 տոկոսով` բացառելով արժույթի փոխարժեքի փոփոխման ազդեցությունը):
ԿԲ գնահատականների համաձայն, Հայաստանում պահպանվում են տնտեսության վարկավորման աճի տեմպերը, որի կառույցում շարունակում են գերակշռել արտարժութային վարկերը: Երկրի տնտեսության վարկավորումը տարեկան կտրվածքով ավելացել է 27,9 տոկոսով:
ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կավելանան համապատասխանաբար 17,6 և 21,1 տոկոսով: Դրամական բազայի աճը կկազմի 8 տոկոս: Շրջանառվող կանխիկ դրամն ընթացիկ տարում կավելանա 13,3 տոկոսով: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30 տոկոսով, արտարժութային ավանդների աճը կկազմի 12,6 տոկոս: Դրա արդյունքում, տնտեսության դոլարիզացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4,2 տոկոսով, իսկ մոնետիզացման մակարդակը կբարձրանա ավելի քան 10 տոկոսով: Տնտեսության վարկավորման ծավալները կավելանան 20,2 տոկոսով (270 մլրդ դրամով): Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և փոքր ու միջին բիզնեսի վարկավորման հաշվին: