Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2012 17:44
ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն՚ ստացել է ISO/IEC 27001 տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ
ԱրմԻնֆո. ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն՚ ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ միջազգային ISO/IEC 27001 ստանդարտին համապատասխան: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՚ դարձավ առաջինը Հայաստանի առևտրային բանկերի շրջանում, որն ստացել է այդ սերտիֆիկատը:
Ստանալով տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001 սերտիֆիկատ`ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՚ հաստատեց միջազգային մակարդակի ժամանակակից և հուսալի բանկի իր կարգավիճակը, քանի որ այդ սերտիֆիկատը բազմաթիվ առավելություններ է տալիս միջազգային բանկային համակարգի հետ համագործակցությունում: ՙՏեղեկատվական անվտանգության որակյալ համակարգը ֆինանսական կազմակերպությունների բիզնեսի հաջող վարման անխախտելի պայմաններից մեկն է: Բանկն ուշադրությամբ հետևում է ներքին ընթացակարգերի համապատասխանությանը միջազգային ստանդարտներին: Բանկում ստեղծվել է առաջադեմ ՏՏ ենթակառուցվածք, որն ապահովում է գաղտնի տվյալների հուսալի պաշտպանությունը՚, - կարծում է ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի՚ մենեջմենթը:
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի մշակումն իրականացրել է GrantThoronton կազմակերպությունը, իսկ սերտիֆիկացման աուդիտն անցկացրել է բրիտանական Certification International ընկերությունը: ISO/IEC 27001 միջազգային ստանդարտը մշակել են Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը(IEC): Ստանդարտը պահանջներ է ներկայացնում կազմակերպության Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգին` ապացուցելու, որ տվյալ կազմակերպությունն ի վիճակի է պաշտպանել իր տեղեկատվական ակտիվները` այդ թվում հաճախորդների անձնական տվյալները, նրանց ֆինանսական ակտիվներին վերաբերող, օրենքով և ներքին քաղաքականությամբ սահմանված գաղտնի տեղեկատվությունն ու տվյալները: