Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2012 16:46
2013 թվականին Հայաստանի կառավարությունն արտասահմանյան փոխառությունների գծով տոկոսներով պետք է մարի գրեթե 230 մլն դոլար, իսկ 2014 թվականին` ավելի քան 198 մլն դոլար
ԱրմԻնֆո. 2012 թվականին Հայաստանի կառավարությունն արտասահմանյան վարկերի գծով տոկոսավճարների հետ միասին պետք է մարի ավելի քան 128 մլն դոլար, 2013 թվականին` շուրջ 230 մլն դոլար, իսկ 2014 թվականին` ավելի քան 198 մլն դոլար:
2012-2014 թթ. արտաքին պարտքի գծով ՀՀ կառավարության ծրագրած ծախսերում 2012 թվականին նախատեսվում է վարկերի հիմնական գումարի գծով վճարել 71 մլն դոլար և իրականացնել ավելի քան 57 մլն դոլարի տոկոսավճար, ընդ որում մարումների առավել բեռը նախատեսվում է IV եռամսյակում` շուրջ 28 մլն դոլար և ավելի քան 23 մլն դոլար համապատասխանաբար: 2013 թվականին վարկերի հիմնական գումարի գծով պարտավորությունները կազմում են շուրջ 172 մլն դոլար, իսկ տոկոսավճարների գծով` գրեթե 58 մլն դոլար, 2014 թվականին` շուրջ 141 մլն դոլար և ավելի քան 57 մլն դոլար` համապատասխանաբար:
Պարտքի հիմնական բեռը բաժին է ընկնում ԱՄՀ հանդեպ պարտավորություններին պահուստային վարկի գծով (Stand-by Arrangement)` գրեթե 45 մլն դոլար 2012 թ., ավելի քան 98 մլն դոլար 2013թ., 61 մլն դոլար 2014 թ., ինչպես նաև մարումներ ռուսական կայունացման վարկի գծով: Այսպես, ռուսական կայունացման վարկի գծով հիմնական գումարի մարումը կսկսվի 2013 թվականին` շուրջ 44 մլն դոլար, և նույնքան ծրագրած է 2014 թվականին: Իսկ ռուսական կայունացման վարկի գծով տոկոսավճարներն արդեն սկսվել է 2012 թ. II եռամսյակից` 12.2 մլն դոլար, և նույնքան նախատեսվում է IV եռամսյակում: 2013 թ. ծրագրված է ավելի քան 24 մլն դոլարի տոկոսավճար, իսկ 2014 թ.` 22 մլն դոլար:
Մեծ տարբերությամբ դրան հետևում է Ճապոնիան, որը Հայաստանին վարկ է տրամադրել էլեկտրահաղորդման գծերի ծրագրի իրագործման համար, որի հիմնական գումարի մարումն իրականացվում է հավասար բաժիններով`2012-2014 թթ. ավելի քան 3 մլն դոլար` գումարած տոկոսավճարները: Բացի այդ, նախատեսվում են մարումներ EBRD, KfW, IBRD, IDA, IFAD, ADB, OPEC զարագացման միջազգային հիմնադրամի վարկերի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի (ԱԷԿ) առևտրային վարկերի գծով, Աբու Դաբի զարագցման հիմնադրամի (Արփա-Սևան թունելի վերակառուցում), իսկ 2014 թ. կսկսվեն մարումները KBCBank NV (ցիկլոտրոնի ծրագիր) և Ավստրիայի (բեմական սարքավորման ձեռք բերում) վարկերի գծով:
Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն, 2012 թվականի 9 ամիսներին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 4,8%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 6,4%-ով, հասնելով 3.7 մլրդ դոլարի (1.5 տրլն դրամ) կամ ընդհանուր պետական պարտքի 86,7% (1.7 տրլն դրամ): Արտաքին պարտքի կառույցում ՀՀ կառավարությանը բաժին է ընկել 84,1% կամ 3.2 մլրդ դոլար` 9 ամսում 6,6% և մեկ տարում 10,3% աճով: Կենտրոնական բանկի պարտքը 9 ամսում կրճատվել է 3,7%-ով, տարեկան 1,4% աճի պայմաններում` կազմելով 594.7 մլն դոլար (ընդհանուր արտաքին պարտքի 15,9%): 2012 թ. III եռամսյակում ստացվել է 47.7 մլն դոլարի վարկ (առյուծի բաժինն ստացել է կառավարությունը, որից 36.3 մլն դոլար բազմակողմանի վարկատուների կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի շրջանակում, իսկ 6.7 մլն դոլար` երկկողմ վարկային ծրագրերի շրջանակում): Հաշվետու եռամսյակում մարվել են 59.1 մլն դոլարի վարկեր (գրեթե հավասարաչափ կառավարության և ՀՀ ԿԲ կողմից), և իրականացվել է 8.9 մլն դոլարի տոկոսավճար (կառավարությունըª 6.8 մլն դոլար, ՀՀ ԿԲ` 2.2 մլն դոլար): Տարեկան կտրվածքով ստացված վարկերի ծավալը կրճատվել է 63,7%-ով, մարման ծավալն ավելացել է գրեթե 7 անգամ, իսկ տոկոսավճարներն ավելացել են 15,6%-ով: Եռամսյակային կտրվածքով ստացված վարկերի ծավալը կրճատվել է 69,9%-ով, մարման ծավալն ավելացել է 24,7%-ով, իսկ տոկոսավճարները կրճատվել են ավելի քան 2 անգամ: