Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2012 21:16
ՙԱչքերիդ մի հավատա՚`խորհուրդ է տալիս ՀՀ Ֆինանսների նախարարությունը`չկարողանալով հանրապետությունն ապահովել տեխզննման կտրոններով
ԱրմԻնֆո. Նոր տարվա նախաշեմին երկրի ավտոսեփականատերերը բախվել են հայաստանյան բանկերի կողմից տրամադրվող տեխզննման կտրոնների դեֆիցիտի լուրջ խնդրի: Կառավարական հանձնաժողովի որոշման համաձայն, 2011 թ. մայիսի 31-ից տեխզննման կտրոնները պետք է տրամադրվեն առևտրային բանկերի կողմից`կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու նպատակով: Սակայն, ԱրմԻնֆո-ի հարցումները ցույց են տվել, որ առանց բացառության բոլոր բանկերի մոտ, որոնք տրամադրում են այդ պետական ծառայությունը, կտրոններն ամբողջովին վերջացել են:
Մինչդեռ Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որում ասվում է, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին չի տրամադրել բավարար քանակությամբ կտրոններ, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ առևտրային բանկերին 2011 թվականից առ այսօր տրամադրել է ընդհանուր թվով 601 000 կտրոններ, այդ թվում 2011 թվականին 2013 թ-ի համար տրամադրել է 37 500 կտրոն, իսկ 2012 թվականինª 2013-14 թթ-ի համար 310406 կտրոն: Ավելին, այս տարի ՀՀ ֆինանսների նախարարությունը տպագրել է ավելի շատ քանակությամբ կտրոններ, քան անցյալ տարի: Ֆինանսների նախարարությունը թվարկում է, թե որ բանկին որքան լրացուցիչ քանակությամբ տեխզննման կտրոններ են տրամադրվել, սակայն, թե ուր են դրանք գնացել և ինչու գերատեսչության կողմից նշված ՙբավարար քանակությունը՚, բավարար չէր, նախարարության հաղորդագրությունում չի նշվում: Կարելի է ենթադրել, որ կոռուպցիոն ռիսկերը, որոնց դեմ պայքարում է կառավարությունը, աստիճանաբար ներթափանցում են շուկա`կազմակերպչական խառնաշփոթության միջոցով: