Ուրբաթ, 25 Հունվարի 2013 16:50
Արմենիան Քարդ ՓԲԸ-ն պատրաստվում է նոր ծրագրային հենքի անցմանը
ԱրմԻնֆո: ԱՐՔԱ համակարգում մեկնարկում է ամբողջովին նոր ծրագրային հենքին անցման աշխատանքների վերջին` միգրացիայի փուլը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Armenian Card–ում, ԱՐՔԱ համակարգում նոր ծրագրային հենքի ներդրմանը նախորդել են մեկ տարուց ավել տևած խոշորածավալ աշխատանքներ: Այդ ընթացքում տեղադրվեցին նոր սերվերային հզորություններ, վերազինվեցին և համալրվեցին ենթակառուցվածքային համակարգերը (էլեկտրամատակարարում, հովացման համակարգեր և այլն): Նոր ծրագրային հենքի ներդրման և տեղայնացման շրջանակներում Ընկերությունը սերտորեն համագործակցել է միջազգային վճարային համակարգերի (AmEx, DinersClub, MasterCard, VISA), բանկային ավտոմատացված համակարգեր մշակող ընկերությունների, մասնագիտացված սարքավորումներ (ԱՄ, ՊՈՍ տերմինալներ) մատակարարող կազմակերպությունների հետ և ամենակարևորը համակարգի անդամ բանկերի հետ, որոնք վերազինման գործընթացի հիմնական պատվիրատուն են և որոնց նպատակն է իրենց հաճախորդներին ծառայությունների ավելի բարձր որակի և լայն շրջանակի մատուցումը:
Նոր ծրագրային հենքին անցման նպատակով թեստային միջավայրում (թեստային քարտերով, թեստային միջավայրում գրացված բանկոմատներով, POS տերմինալներով և այլ հատուկ սարքավորումներով) փորձարկվել են քարտերի թողարկման, սպասարկմա
ն, գործարքների ֆինանսական արդյունքների մշակման և այլ հարակից գործընթացները:
Նոր համակարգի միջոցով աշխատանքին անցման հետ կապված որոշակի փոփոխություններ են կատարվել նաև բանկերի ավտոմատացված ծրագրային համակարգերում: Միգրացիոն աշխատանքներին մասնակցել են նաև համակարգի անդամ բանկերի համապատասխան մասնագետները:
Նոր ծրագրային հենքին անցման ժամանակահատվածում չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի որոշակի խաթարումներ (այսպես կոչված “անցումային ժամանակահատվածի” հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ: Այնուամենայնիվ այդ ժամանակահատվածի անցումից հետո նոր ծրագրային հենքի ներդնումը էականորեն կբարելավի համակարգի աշխատանքը և քարտապանների սպասարկումը, այդ թվում վիրտուալ տիրույթում: ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի ներկայիս ծրագրային ապահովումը ներդրվել է շուրջ 13 տարի առաջ և այլևս չէր համապատասխանում բանկային և քարտային բիզնեսի արդյունավետ զարգացման արդի պահանջներին:
Ներդրվող ծրագրային համակարգը բավարարում է ոլորտի ժամանակակից պահանջներին: Վերջինիս կարևորագույն առանձնահատկությունն է բազմաբանկ կառուցվածքը, որը հնարավորություն կընձեռի համակարգի անդամ բանկերին լինել անկախ և յուրահատուկ քարտային ծրագրերի իրականացման իրենց մոտեցումներում: Նոր ծրագրային համակարգը ամբողջությամբ համապատասխանում է անվտանգության միջազգային խստագույն պահանջներին, մասնավորապես PA DSS (Payment Application Data Security Standards) վկայականի առկայությունը վկայում է նշված ծրագրի միջազգայնորեն ճանաչված` առավել անվտանգ համակարգ լինելու մասին:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԱՐՔԱ համակարգում գործում է 6068 POS-տերմինալ (տարեկան աճը` 28%-ով), որից 560-ը գտնվում է կանխիկացման կետերում (տարեկան աճը`11.6%), իսկ 5508-ը` առևտրի կետերում (տարեկան աճը` 30%): Համակարգի բանկոմատների թիվը ամբողջ Հայաստանի տարածքում հունվարի սկզբին կազմել է 960: Մեկ տարում գործարկվել է 123 նոր բանկոմատ: Ընդհանուր հաշվով այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Արմենիան Քարդ համակարգի ակտիվ քարտերի թիվը հասել է 1.008.9 հազարի: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ այս ցուցանիշն ավելի է 32%-ով: