Երեքշաբթի, 12 Փետրվարի 2013 15:42

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում եռամսյակային աճով առաջատարն է գիտական գործունեության ոլորտը, իսկ ծավալով` առեւտրի հատվածը


ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում եռամսյակային աճով առաջատարն է գիտական գործունեության ոլորտը, իսկ ծավալով` առեւտրի հատվածը: Մասնավորապես, գիտական գործունեության վարկավորման ծավալներն աճել են 28.3%, մինչեւ 5.1 մլրդ դրամ, իսկ առեւտրի ոլորտին է ուղղվել 321 մլրդ դրամ ($ 795.4 մլն) վարկային միջոցներ, գրանցելով եռամսյակային 0.3% անկում:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, երկրորդ տեղում է հանքահումքային ոլորտը` 19.4%, մինչեւ 84,2 մլրդ դրամ ($ 208.6 մլն), ծավալներով երկրորդ տեղում են սպառողական վարկերը` 295,5 մլրդ դրամ ($ 732.2 մլն), եռամսյակային աճը` 8.6%: Երրորդ տեղում է, եռամսյակային աճով, առողջապահության ոլորտը`16%, մինչեւ 7 մլրդ դրամ ($ 17.3 մլն), իսկ ծավալով` վերամշակող արդյունաբերությունը`166,2 մլրդ դրամ ($ 411.8 մլն), եռամսյակային անկումը` 3.6%:

Շինարարության ոլորտին բանկերի կողմից հշվետու ժամանակահատվածում ուղղվել է 100,1 մլրդ դրամ ($ 248 մլն, եռամսյակային անկումը` 3.1%), իսկ հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 127,4 մլրդ դրամ ($ 315.7 մլն), աճը` 3,3%: Էներգետիկ ոլորտին բանկերն ուղղել են 109,7 մլրդ դրամ ($ 271.8 մլն), ապահովելով եռամսյակային 12.8% աճ, իսկ գյուղատնտեսության ոլորտին ուղղված վարկերն աճել են 3,8%, մինչեւ 101,4 մլրդ դրամ ($ 251.3 մլն):

Ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում հայկական բանկերը տեղեկատվության եւ կապի ոլորտին ուղղված վարկերի ծավալը կրճատել են 18%, մինչեւ 8.4 մլրդ դրամ ($ 20,8 մլն): Բանկերի միագումար վարկային պորտֆելը չորրորդ եռամսյակում աճել է 4.7%, մինչեւ 1.6 տրլն.դրամ ($ 3.96 մլրդ) կամ ակտիվների 64,6%-ը:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ին Հայաստանի տարածքում գործում էր 22 բանկ (Համահայկական բանկի հետ միասին) եւ 479 մասնաճյուղ (2012 թվականի հոկտեմբերի 1-ի 465 մասնաճյուղի փոխարեն):