Ուրբաթ, 1 Մարտի 2013 19:35
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում գործարքների գրեթե 71 տոկոսը բաժին է ընկնում բանկոմատների միջոցով քարտերի կանխիկացմանը
ԱրմԻնֆո: Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում գործարքների առավելագույն մասը`70,53%, բաժին է ընկնում բանկոմատների միջոցով քարտերի կանխիկացմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Armenian Card-ից, երկրորդ տեղում են քարտերով կանխիկ գործարքները POS-տերմինալների միջոցով`15,73%: Իսկ անկանխիկ գործարքների բաժինը կազմում է 13,73%, ընդ որում մեծ մասն ապահովվում է POS-տերմինալների միջոցով (11,07%):
Աղբյուրի համաձայն, 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Armenian Card համակարգում գործող POS-տերմինալների թիվը առևտրի/սպասարկման և կանխիկի տրամադրման կետերում կազմել է 6090, ինչը 27,5%-ով ավելի է 2012 թվականի համանման ցուցանիշից: Մասնավորապես, 570 POS-տերմինալ է տեղաբաշխված կանխիկի տրամադրման կետերում (տարեկան 12% աճ): Այդ պահի դրությամբ եղել է 966 բանկոմատ (14,3% տարեկան աճով), և դրանք բոլորը սպասարկում են տեղական ArCa քարտեր: Բացի այդ, բանկոմատների ընդհանուր թվից 883-ը սպասարկում են նաև Visa, իսկ 877-ը` նաև MasterCard: ArCa-ի տվյալներով, 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գրանցված առևտրի կետերի թիվը կազմել է 4949 (30% տարեկան աճ): Այդ առևտրի կետերում տեղադրված է 5520 POS-տերմինալ (29,3% տարեկան աճ), որոնցից գործառնություններ իրականացվել 3842-ով (29,4% տարեկան աճ): Տարեկան կտրվածքով ՙաշխատած՚ POS-տերմինալների թիվը (որոնցով գործարքներ են իրականացվել) գրանցված POS-տերմինալների ընդհանուր թվում 78%-ից կրճատվել է մինչև 77,6%: