Երկուշաբթի, 4 Մարտի 2013 16:20
2012 թվականին ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով
ԱրմԻնֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ 2012 թվականին պլաստիկ քարտերի ոլորտում գրանցել է բարձր ցուցանիշներ մի շարք ուղղություններով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, զգալի աճ է նկատվել Բանկի կողմից ներգրաված պոս-տերմինալների թվաքանակում` հասնելով մոտ 600-ի, որը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է գրեթե 30%-ով: Նկատվել է քարտերով իրականացված գործարքների ընդհանուր գումարային ցուցանիշի աճ` նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 1/4-ով: 2012 թվականի ընթացքում թողարկված պլաստիկ քարտերի քանակը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՙԲանկը 2012 թվականին բավականին ակտիվ էր պլաստիկ քարտերի շուկայում և մարքեթինգային լուրջ հետազոտություններից հետո ներդրեց միանգամայն իր տեսակով առանձնացող 2 նոր քարտային պրոդուկտ` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic և ANELIK BANK GEDEON RICHTER STAR ARCA Classic քարտերը: ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապաններն արդեն հնարավորություն ունեն քարտը ներկայացնելիս ոչ միայն անվճար մտնել Երևանի 12 ժամանցային ակումբներ, այլև` ստանալ բացառիկ առավելություններ մշակութային օջախներում` թատրոններում: 2012 թվականին Բանկը ներդրեց իր զեղչային ցանցը, որը ներկայումս ամենամեծն է` ներառելով գրեթե 500 խանութներ և սպասարկման կետեր: Այս տարի ևս նախատեսում ենք ակտիվ լինել քարտային շուկայում և մեր հաճախորդներին ներկայացնել նոր քարտային պրոդուկտներ և նորամուծություններ, որի արդյունքում վստահ եմ, որ այս տարի կգրանցենք առավել բարձր ցուցանիշներ՚,- նշել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: