Երեքշաբթի, 12 Մարտի 2013 15:23
ՀՀ ԿԲ կանխատեսում է արտահանման ծավալների 7-9%, իսկ ներմուծման` զրոյական աճ
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ապրանքների և ծառայությունների արտահանման իրական աճի իր կանխատեսումները վերանայել է դեպի դանդաղման կողմը: Ինչպես նշված է ՀՀ Կենտրոնական բանկի 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, Հայաստանից արտահանման իրական աճը այս տարի կկազմի 9-7%, ավելի վաղ կանխատեսված 8-10%-ի փոխարեն: Ընդ որում, Կենտրոնական բանկն ակնկալում է ներմուծման ծավալների մոտ զրոյական աճ` ավելի վաղ կանխատեսված 3-5%-ի փոխարեն:
ԿԲ չի բացառում նաև ռիսկերը` Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման ընթացքում, որոնք կարող են կապված լինել համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման, մետաղների միջազգային գների փոփոխության, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերության հատվածի հետագա զարգացման հետ: Իսկ ներմուծման հետ կապված ռիսկերը պայմանավորված կարող են լինել ներքին տնտեսության զարգացման հեռանկարներով և միջազգային գների վարքով:
ՀՀ ԿԲ ծրագրով ամրագրված սցենարը թույլ է տալիս ենթադրել, որ 2013 թվականին Հայաստանի վճարային բալանսի ընթացիկ հաշվի ցուցանիշը կբարելավվի: Մասնավորապես, ընթացիկ հաշվի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 8.5-9.5%-ը, ավելի վաղ կանխատեսված 10%-ի փոխարեն: Ընթացիկ հաշվի դեֆիցիտի կրճատումը կշարունակվի նաև միջնաժամկետ հեռանկարում` մինչև ՀՆԱ-ի 6-7%: Չնայած ներմուծման աճի տեմպերի նկատմամբ արտահանման աճի տեմպերի ավելացմանը, այնուամենայնիվ, առևտրի պայմանների վատթարացման հետևանքով առևտրի բալանսի դոլարային արժեքն աստիճանաբար կճշգրտվի:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2012 թվականին կազմել է $ 2,839 մլրդ (1.141 տրլն դրամ), տարեկան աճը` 1%: Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2012 թվականին տարեկան կտրվածքով աճել է 3.9%, կազմելով 5.695 մլրդ. (2.3 տրլն դրամ): Արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանման ծավալը հունվար-դեկտեմբերին կազմել է $ 1.428 մլրդ (574.3 մլրդ դրամ), տարեկան աճը` 7%: Ներմուծման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է $ 4,267 մլրդ (1.7 տրլն դրամ), տարեկան աճը` 2.9%:
Ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, արտահանման աճի ծավալներով Հայստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է 3 - րդ տեղը, զիջելով միայն Բելառուսին և Տաջիկստանին, իսկ ներմուծման աճի ծավալներով` 4-րդ տեղը, զիջելով միայն Ղրղզստանին, Ղազախստանում և Տաջիկստանին: