Հինգշաբթի, 7 Մարտի 2013 19:41
Անելիք Բանկը միացել է կրթական վարկերի սուբսիդավորման պետծրագրին
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն առաջիններից է, որն ստորագրեց ՙՈւսումնական վարկեր՚ պետական վարկային ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիրը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը` հասանելի դարձնել ուսմանն ուղղված վարկավորումը, ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն առաջիններից է, որ սկսում է տվյալ ծրագրով վարկավորման գործընթացը: Նշված վարկային ծրագրով ուսումնական վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, ուսանողների ծնողների կամ խնամակալների երաշխավորությամբ, մինչև 10 տարի ժամկետով, որից ուսումնառության ընթացքում կմարվեն միայն տոկոսները (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կկատարվի վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ: Վարկի առավելագույն գումարը յուրաքանչյուր վարկառուի համար կկազմի 1,800,000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը չորս մասնաբաժնով, ընդ որում, յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից: Վարկը կտրամադրվի 12 % տոկոսադրույքով, որից պետությունը բոլոր շահառուների համար կսուբսիդավորի 2 %: Վարկը կտրամադրվի անկանխիկ եղանակով. գումարը կփոխանցվի անմիջապես ուսումնական հաստատություններին:
ՙՎերջերս Հանրապետության Նախագահն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ուսման վարկավորումը պետք է դարձնել հնարավորինս հասանելի ավելի մեծ թվով անձանց համար: Հաշվի առնելով ՀՀ Նախագահի ելույթում արծարծած վերը նշված խնդիրը, համադրելով այն Բանկի ռեսուրսների, ռիսկայնության և պետական տվյալ ծրագրի հնարավորությունների հետ, Բանկը որոշեց հնարավորինս շուտ միանալ պետական տվյալ վարկային ծրագրին, և օր առաջ հասանելի դարձնել ուսման վարկավորման պրոցեսն ավելի մեծ թվով շահառուների համար: Այս ծրագրով գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները կկարողանան ստանալ ուսման վարկեր ընդամենը 9% տարեկան տոկոսադորույքով, որը, վստահ եմ, լրացուցիչ ազդակ է ուսանողների համար ձգտել գերազանց առաջադիմությանը:
Բանկի կողմից մշակված ուսմանն ուղված այս և մնացած բոլոր վարկատեսակները , վստահ եմ, ավելի դյուրին կդարձնի ուսման վարկավորման պրոցեսը, որը ես շատ եմ կարևորում, քանի որ լիարժեք համամիտ եմ այս բանկային գործիքի կարգախոսի հետ` ՙԿրթությունը բարեկեցության հիմքն է՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Անելիք Բանկը սպառողական վարկերի պորտֆելի ծավալով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, ապահովելով 12.3 մլն.դրամի արդյունք, որը կազմում է վարկային պորտֆելի մոտ 33%-ը: 2012 թվականին բանկն պահովեց սպառողական վարկավորման պորտֆելի 27% աճ: Բանկի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարի 1-ին անցել է 35 մլրդ.դրամից, կազմելով ակտիվների գրեթե 55%-ը: