Երեքշաբթի, 26 Մարտի 2013 20:50
ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8 տոկոս
ԱրմԻնֆո. 2013 թվականի մարտի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2013 թվականի փետրվարին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում պահպանվել են զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունները և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները: Այդ պայմաններում հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայումª գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով, որի պարագայում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ ՀՀ տնտեսությունում վերջին զարգացումներով իրական տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքներըª պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների կանխատեսվածից բարձր աճերով, ինչն էլ ուղեկցվել է մասնավոր ծախսումներիª սպասվածից բարձր աճով: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում Կառավարության կողմից իրականացվել է դրամավարկային քաղաքականության 2013 թվականի առաջին եռամսյակի ծրագրում դրված բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականություն, ինչը հիմնականում չեզոքացրել է ներքին գների վրա մասնավոր պահանջարկի գնաճային ազդեցությունը: Այս պարագայում, ինչպես և ակնկալվում էր, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին տնտեսության ազդեցությունը մնում է թույլ գնաճային:
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև կանխատեսվող հորիզոնում ՀՀ տնտեսությունից սպասվող թույլ գնաճային միջավայրի ազդեցությունը 12-ամսյա գնաճի հետագա վարքագծի վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ծրագրով նախատեսված չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումըª անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ պարագայում գնահատվում է, որ մինչև երկրորդ կիսամյակ 12-ամսյա գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսող հորիզոնում կպահպանվի դրա շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.8%-ից մինչև 8% էր իջեցրել 2011 թվականի ապրիլին: Իսկ լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների գծով դրույքները ԿԲ կողմից վերանայվել էր 2012 թվականի նոյեմբերի 6-ին, մասնավորապես, լոմբարդային ռեպո գծով`10%-ից մինչև 9.5%, իսկ ներգրավված ավանդների գծով` 6%-ից մինչև 6.5%: