Հինգշաբթի, 28 Մարտի 2013 18:15
Դրամի արժեզրկումը Հայաստանում ՙփախչող՚ կապիտալի ֆոնի ներքո շարունակվում է
ԱրմԻնֆո. Դրամի արժեզրկումը Հայաստանում ՙփախչող՚ կապիտալի ֆոնի ներքո շարունակվում է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կնտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, մեկնաբանելով դրամի արժեզրկման պատճառները:
Ըստ փորձագետի, մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներ, մասնավորապես, արտահանման աճի առաջ անցնելը ներմուծման աճի նկատմամբ, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների աճը, պետք է դրական ազդեցութոյւն ունենային երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի, այդ թվում նաև արժութային բաղադրիչի վրա, ինչը տեղի չունեցավ կապիտալի փախուստի և արտաքին պահուստների կրճատման հետևանքով: Այսպես, ըստ Բ.Ասատրյանի, անցյալ տարի Հայաստանի արտաքին պահուստները կրճատվել են 170 մլն.դոլարով, իսկ միայն ընթացիկ տարվա ապրիլին` 100 մլն.դոլարով:
Կապիտալի փախուստը Հայաստանից, ինչպես նաև ուղղակի ներդրումների կրճատումը, ըստ Ասատրյանի, կարող են Հայաստանի տնտեսության համար դառնալ կայուն միտումներ: 2012 թվականի հոկտեմբերին, ըստ տնտեսագետի, երկրից դուրս է հոսել 500 մլն.դոլար:
Անդրադառնալով դրամի արժեզրկման հետևանքներին, Ասատրյանը նկատել է, որ այդ տնտեսական երևույթն ունի նաև դրական կողմեր, քանի որ ՙբազմաթիվ երկրներ փորձում են արժութային քաղաքականության հաշվին ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային տնտեսությունում՚: Իսկ ինֆլյացիոն ճնշումների հնարավոր աճը, որպես դեվալվացիայի բացասական հետևանք, ըստ տնտեսագետի, չպետք է առաջացնի խուճապային տրամադրություններ.ՙես գտնում եմ, որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ ինֆլյացիան կարող է լինել միջին եվրոպականից ցածր՚,-եզրափակել է Բ.Ասատրյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի մարտի 28-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 419 դրամ/դոլար: Հունվարին դոլարի փոխարժեքը կազմել էր 406.67 դրամ/դոլար, իսկ փետրվարին` 407.02 դրամ/դոլար: