Երկուշաբթի, 8 Ապրիլի 2013 13:36
Տոկոսադրույքները Հայաստանի ֆինանսական շուկայում 2013 թվականի առաջին եռամսյակում արձանագրել են անկում
Արմինֆո. Տոկոսադրույքները Հայաստանի ֆինանսական շուկայում 2013 թվականի առաջին եռամսյակում նվազել են, այնուամենայնիվ, պահպանելով կայուն դինամիկան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, առաջնային շուկայում մինչեւ մեկ տարի ժամկետով պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 9.7%, տարեսկզբի համեմատ նվազելով 0,6 տոկոսային կետով: Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակաշրջանում նվազել է 0,3 տոկոսային կետով, կազմելով 7,7%: Միջբանկային շուկայում ամսական միջին ռեպո դրույքը կազմել է 8.4%, գրանցելով 1.4 տոկոսային կետով անկում:
Ըստ աղբյուրի, Հայաստանի արտարժույթի շուկայում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատ արձանագրված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.4% արժեզրկում, փոխարժեքը ձևավորելով 411,5 դրամ/$ մակարդակի վրա: Եվրոպական արժույթի գծով ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 0,6%, մինչեւ 535,7 դրամ/EUR, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 1.3%, կազմելով 13.4 դրամ/ռուբլի:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2013 թվականի մարտի 26-ին կայացած Խորհրդի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ` 8%: Լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների գծով տոկոսադրույքները սահմանվել են, համապատասխանաբար` 9.5% եւ 6.5%: Ավելի վաղ, 2012 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում ԿԲ Խորհուրդը վերանայեց լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների դրույքաչափերը, 10%-ից իջեցնելով մինչեւ 6%: ՀՀ ԿԲ Խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչեւ 8% էր իջեցրել 2011 թվականի ապրիլի 12-ին, մինչև օրս պահպանելով այն անփոփոխ: