Երեքշաբթի, 16 Ապրիլի 2013 21:50
ՀՀ ԿԲ տնտեսության ապադոլարայնացման ուղղությամբ հերթական քայլը` դրամային պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքը 8 տոկոսից իջեցվել է մինչև 4 տոկոս
ԱրմԻնֆո. Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել նվազեցնել պարտադիր պահուստավորման դրույքը դրամային պարտավորությունների դիմաց և սահմանել այն 4%ª գործող 8%-ի փոխարեն, որն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ԿԲ Խորհրդի այսօր կայացած նիստում:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում վարկերի միջոցով իրականացված ներդրումներն ուղղվել են առավել արտադրողական` արդյունաբերության, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության ճյուղեր: Արտադրողական ճյուղերին տրամադրվող վարկերը, ի տարբերություն պահանջարկը խթանող վարկերիª հանգեցնում են ՀՆԱ-ի ներուժի աճի և չեն ձևավորում գնաճային ճնշումներ:
Խորհուրդը կարևորում է նման վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը:
Խորհուրդը գտնում է, որ այս փոփոխությունն իր հերթին կխթանի բանկերի կողմից ՀՀ դրամով վարկերի առաջարկը և պետական պարտատոմսերի նկատմամբ պահանջարկըª նպաստելով շուկայական տոկոսադրույքների նվազմանը:
Այս քայլով կենտրոնական բանկը տնտեսության համար ավելի դյուրին պայմաններով վարկերի նկատմամբ պահանջարկի բավարարմանը զուգահեռ կիրականացնի ապադոլարայնացման հերթական միջոցառումը:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում են 21 բանկեր: Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի մարտի 13-ի դրությամբ Հայաստանի բանկերի վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 1.632 տրլն.դրամ ¥4 մլրդ.դոլար¤, գրանցելով տարեկան 24.3% աճ: Բանկերի վարկային պորտֆելում ¥առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի¤ ՀՀ դրամով վարկերը կազմել են 35% կամ 248.9 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 65% կամ 1.015 մլրդ.դրամ: Դրամային վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 13.8%, իսկ արտարժույթով վարկավորումը` 26.7%: Դրամային վարկերի տոկոսադրույքները փետրվարին իջել են 0.57 կետով, մեկ տարում` 2.59 կետով, կազմելով 15.52%: