Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2013 19:14
ԱՀԸ ՈՒՎԿ իրականացրել է հինգերորդ թողարկման 1 մլրդ դրամ ծավալի կորպորատիվ պարտատոմսերի փակ տեղաբաշխում
ԱրմԻնֆո. Ապրիլի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին վարկային ընկերության մամուլի ծառայությունից, որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 5 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,192,915,825 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,559,170.4 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ ԱՀԸ կորպորատիվ պարտատոմսերի առաջին թողարկումն (NMCCB1) իրականացվել է 2011 թվականի նոյեմբերին 1 մլրդ դրամ ծավալով և 9,6 տոկոս եկամտաբերությամբ: Հարկ է նշել, որ այլընտրանքային ֆինանսական գործիքների (պետական պարտատոմսեր) տոկոսադրույքները Հայաստանում առաջվա նման հրապուրիչ են կորպորատիվ պարտքի թողարկողների համար: Դրամային ավանդների գծով (կարճաժամկետ) եկամտաբերությունը կազմում է միջին հաշվով 10,4 տոկոս, պետական պարտատոմսերինը (մինչև մեկ տարի շրջանառության ժամկետով)` 9,9 տոկոս: Ներկայում բորսայում գնանշում են դրամային կորպորատիվ պարտատոմսերի միայն մեկ թողարկում` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի պարտատոմսերի 4-րդ թողարկումը (մարումը կկայանա 2013 թվականի հուլիսի 7-ին):
Հիշեցնենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚ ՈՒՎԿ ստեղծվել է 2009 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԲ որոշմամբ: ԱՀԸ վերաֆինանսավորած վարկերի ընդհանուր ծավալը 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին գերազանցել է 20 մլրդ դրամը (ավելի քան 2160 վարկ): Վերաֆինանսավորման ամսական ծավալը կազմում է 600-800 մլն դրամ. իսկ տոկոսադրույքը` 8,75 տոկոս: