Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 18:06
ՀՀ ֆինանսների նախարարություն. Ռուսաստանի Դաշնությունում ՀՆԱ աճի տեմպերի դանդաղումը հանգեցրել է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների որոշ նվազման
ԱրմԻնֆո. Ռուսաստանի Դաշնությունում ՀՆԱ աճի տեմպերի դանդաղումը հանգեցրել է Ռուսաստանից Հայաստան փոխանցումների որոշ նվազման 2013 թվականին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Նրա ասելով, 2012 թվականին Ռուսաստանից Հայաստան փոխանցման գործառնությունների աճը 2011 թվականի համեմատ ավելացել է 8,5 տոկոսով: Հայաստանում ակնկալում են, որ ընթացիկ տարվա ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվանը: Ռուսաստանում ՀՆԱ աճի նվազումը պայմանավորված է, հիմնականում, նավթի գների որոշ նվազմամբ համաշխարհային շուկայում, ինչն անդրադարձել է Ռուսաստանի տնետսության վրա, ինչպես նաև տնտեսության այն ճյուղերի ցուցանիշների անկմամբ, որոնք կողմնորոշված չեն դեպի արտահանում: Հենց այդ ոլորտում են, հիմնականում, գործու մ հայ համայնքի ներկայացուցիչները, և հենց այդ պատճառով դիտվում է Ռուսաստանից Հայաստան փոխանցման գործառնությունների որոշ դանդաղում, նկատել է փոխնախարարը: ՀՀ ԿԲ կանխատեսումների համաձայն, 2013 թվականին տնտեսական աճն ակնկալվում է 4,7-5,7% սահմաններում ( 30% հավանականությամբ, իսկ 90% հավանականությամբ` 3,1-7,9% սահմաններում)` ավելի վաղ կանխատեսված 5-6% դիմաց: Դա կապահովվի արդյունաբերական հատվածում 7-9%, շինարարության հատվածում 2,5-4,5%, ծառայությունների ոլորտում 4,2-6,2%, ագրարային հատվածում 2-4% աճի հաշվին: Վերանայվել է նաև ոչ առևտրային բնույթի մասնավոր փոխանցումների ներհոսի աճի կանխատեսումը դեպի դանդաղում` մինչև 7-9%, ավելի վաղ կանխատեսված 8-10% դիմաց (իակ մինչ այդ` 9-11%): Փոխանցումներին առնչվող ԿԲ սպասումները կապված են ՌԴ տնտեսական աճի կանխատեսումների վերանայման հետ: Այսպես, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունն ակնկալում է 2013 Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղում 4,1%-ից մինչև 3,8%: 2013 Հայաստանի պետբյուջեում ամրագրված է ՀՆԱ 6,2% աճ, որը կապահովվի արդյունաբերության ոլորտում 9,5%, գյուղատնտեսության ոլորտում 6,5%, ծառայությունների ոլորտում 4,5%, ինչպես նաև, մասամբ, շինարարության հատվածում 2,3% աճի հաշվին:
Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը վատթարացրել էր 2013 թվականի և հետագա տարիների ՌԴ տնտեսության զարգացման հիմնական կանխատեսումները: Այդպիսով, ՀՆԱ աճի կանխատեսումը ընթացիկ տարվա համար նվազեցվել է ավելի քան 1%-ով` 3,6%-ից մինչև 2,4%, արդյունաբերական արտադրության վերաբերյալ կանխատեսումները նվազել են գրեթե երկու անգամ` 3,6%-ից մինչև 2%, հիմնական կապիտալում ներդրումների վերաբերյալ կանխատեսումները նվազել են 6,5%-ից մինչև 4,6%: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է Ռուսաստանի տնտեսության ներկա վիճակին առնչվող խնդիրների առկայությունը և այդ կապակցությամբ իր տնտեսական հարցերով օգնական Էլվիրա Նաբիուլինային և առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին հանձնարարել է մինչև մայիսի 15-ը նախապատրաստել առաջարկություններ տնտեսական աճը խթանելու վերաբերյալ: