Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 18:44
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 7 մլն դոլար վարկային ռեսուրս է ներգրավել Սևծովյան առևտրի և զարգացման բանկից
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ ստորագրել է 7 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Վարկը կուղղվի արտադրության, առևտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես ծրագրերի իրականացմանը` տնտեսվարողների համար ապահովելով մատչելի և մրցունակ պայմաններ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս միջոցները բիզնեսի ներկայացուցիչներին կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12-14 տոկոս դրույքաչափով:
Ի դեպ, սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ համագործակցության առաջին ծրագիրն է: Միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտում դիրքավորված ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՍԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ առավել կընդլայնի այս ոլորտի վարկային պորտֆելը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի տվյալներով, բանկի ակտիվները 2013թ. առաջին եռամսյակում տարեսկզբի համեմատությամբ աճել են 1.6%-ով և կազմել 115,5մլրդ ՀՀ դրամ: Վարկային ներդրումներն աճել են 7.1%-ով` կազմելով 57.5մլրդ ՀՀ դրամ, իսկ հաճախորդներից ներգրավված ժամկետային ավանդները` 14.5%-ով` կազմելով 23.1մլրդ ՀՀ դրամ: 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը կազմել է` 17.4մլրդ, պարտավորությունները` 98.1 մլրդ ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 729մլն ՀՀ դրամ: