Երեքշաբթի, 14 Մայիսի 2013 16:15
Հայաստանի բանկերի միությունը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը ֆինանսա-բանկային ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու համար պարգևատրել է պատվոգրով
ԱրմԻնֆո. Ֆինանսա-բանկային ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու համար Հայաստանի բանկերի միությունը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը պարգևատրել է պատվոգրով: ՙՖինանսա-բանկային ոլորտի գործունեությունն ակտիվ և մասնագիտական լուսաբանում՚ անվանակարգով պատվոգրերի և հատուկ պարգևների հանձնման արարողությունը կայացել է մայիսի 14-ին:
Առաջին անգամ է, որ ՀԲՄ-ն հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, որի շրջանակններում հատուկ նշվել են 3 լրատվական գործակալություն, 4 հեռուստաալիք և մեկ թերթ, որոնք աչքի են ընկել 2012 թվականին ոլորտն ակտիվ և մասնագիտորեն լուսաբանելու գործում: ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը պատվոգրեր է հանձնել ՙԱրմինֆո՚, ՙՄեդիամաքս՚, ՙԱրկա՚ լրատվական գոծակալություններին, ՙԱրմնյուզ՚ հեռուստաալիքին`ՙԲիզնես նորություններ՚ ծրագրի համար, ՙԵրկիր մեդիա՚-ին` ՙԿապիտալ՚ ծրագրի համար, ՙԱրմենիա՚-ին` ՙՍուր անկյուն՚ ծրագրի համար ՙԿենտրոն՚-ին` ՙԷպիկենտրոն՚ ծրագրի համար, ՙոլոս Արմենիի՚ ռուսալեզու թերթին: Հատուկ, ինչպես նաև դրամական մրցանակներ են շնորհվել չորս թղթակիցների` Աշոտ Արամյանին (ՙՁայն Հայաստանից՚ թերթ), Բաբկեն Թունյանին (ՙ168 Ժամ՚), Արմենակ Չատինյանին (ՙՕրակարգ՚ թերթ) և Ռուբեն Հարությունյանին (ՙՄեդիամաքս՚ Լ):
Ա.Օսիպյանը պարգևների հանձնման արարողոթյունից հետո նշել է, որ ֆինանսա-բանկային ոլորտի նկատմամբ հասարակության տրամադրութոյւնների ձևավորման հարցում շատ մեծ է լրատվամիջոցների դերը: Նա հատկապես ողջունել է այն լրատվամիջոցներին, որոնք պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծում, մշակում և հրապարակում են իրենց հեղինակային հաղորդումները և նյութերը:
ՙԼրատվամիջոցների մասնագիտական գործունեության շնորհիվ բացահայտվում են այնպիսի պրոբլեմներ, որոնք պահանջում են մեր աչալրջությունն ու լուծման հստակ քայլերը: Ձեր հրապարակումներն ու հաղորդումները մեզ ազդարարում են, որ հասարակության առջև պետք է լինել ավելի բաց: ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ես կասեի, որ շատ կարևոր է ճիշտ բիզնես-տրամադրությունների ձևավորումը, ինչի համար լրագրողական մոտեցումն այս կամ այն խնդրին պետք է լինի մասնագիտական բարձր որակով: Մեզ համար շատ կարևոր ու թանկ են հրապարակվող վերլուծական նյութերը, մենք ողջունում ենք մասնագիտական նշանակություն ունեցող վարկանիշներն ու ռենկինգները, ինչպես նաև կոնկրետ հարցերի հստակ մեկնաբանությունները: Կցանկանայինք ավելի շատ վերլուծություններ տեսնել: Դրա համար էլ որոշեցինք նշել հատկապես այն լրատվամիջոցներին, որոնք, օգտագործելով իրենց բազմամյա փորձը, խորը գիտելիքները և լրագրողական հմտությունը, հասարակությանը և երկրի ֆինանսական իշխանություններին են հասցնում այն, ինչը տեսանելի չէ անզեն աչքով, ներկայացնելով դրանք վերլուծական տեսանկյունից, ինչը մեզ համար միշտ էլ հետաքրքիր է ու կարևոր՚,-ընդգծել է Ա.Օսիպյանը, նկատելով, որ այսօր պարգևատրվել են այն լրատվամիջոցները և թղթակիցները, որոնց գործունեությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Գՙրագետ վերլուծությունը շատ է օգնում ֆինանսական հաստատություններին հաճախորդների հետ աշխատելիս, քանի որ այսօրվա թիվ մեկ խնդիրը բնակչության ֆինանսական գրագիտության ցածր մակարդակն է: Իսկ այդ պրոբլեմի լուծման հարցում հսկայական է մեդիայի դերը, սակայն, մեդիան պետք է բաժանել երկու խմբերի: Առաջինը մասնագիտանում է ինստիտուցիոնալ օգտատերերի, իսկ երկրորդը` բնակչության լայն շրջաններում, հետևաբար, պատրաստվածության մակարդակը և նյութի մատուցման մակարդակը նույնպես կլինեն տարբեր: Առաջին դեպքում պահանջվում է վարկանիշներ շնորհելու, ռենկինգներ կազմելու, մասնագիտական գնահատականեր տալու բարձր պատրաստվածություն, որոնք մատչելի կլինեն մասնագետներին, իսկ երկրորդ դեպքում խոսքը գնում է մասս-մեդիայի մասին, որտեղ անհրաժեշտ է սովորական քաղաքացուն պատշաճ ձևով մատուցել երկրում սպասվող փոփոխությունները, և դրանց հնարավոր ազդեցությունը մեր երկրի քաղաքացիների վրա՚,-ասել է Ա.Օսիպյանը: